Այսօր ամփոփվեց նաև աստղագիտական տարին, որից զատ մրցանակներ հանձնեցին երիտասարդ աստղագետներին:
ՀԱԸ երիտասարդ ասղագետների (Երվանդ Թերզյանի անվան) 2013 թվականի տարեկան մրցանակին արժանացան երկու հոգի:
«3 արժանի թեկնածուներ ունեինք, կանգ առանք 2-ի վրա, որոնցից մեկը Հայկ Աբրահամյանն է, իսկ մյուսը` Ավետ Հարությունյանը, ով աշխատում է Իսպանիայում»,-ասաց Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ)առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ)ղեկավար Արեգ Միքայելյանը:
Երիտասարդ աստղագետ Հայկ Աբրահամյանն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մրցանակը պարտավորեցնող է, այն տալիս են տարվա ընթացքում լավ աշխատելու դեպքում:
Նշենք, որ երիտասարդ աստղագետն այս տարի հանդես է եկել դասախոսություններով, մասնակցել է աստղադիտարանի կազմակերպչական աշխատանքներին, գրել է մի շարք հոդվածներ, մասնակցել է Ռումինիայում կայացած երիտասարդ աստղագետների ժողովին, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 304-րդ միջազգային գիտաժողովի ժամանակ ներկայացրել է 7 աշխատանք և այլն:
Հավելենք, որ հաղթողները ստացան վկայագիր և յուրաքանչյուրը 250 ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է Երվանդ Թերզյանի անվան մրցանակին, ապա այն տրվում է 2004 թվականից սկսած՝ հայկական աստղագիտական ոլորտում զգալի ներդրման համար:
Գալիլեյան ուսուցիչների միջազգային ծրագրի շրջանակներում ամենամյա մրցանակը հանձնվեց Ռոբերտ Սարգսյանին` հայ օլիմպիականների մասին գիրք գրելու համար: Աստղագիտական կրթության մեջ ունեցած ավանդի համար վաստակագրեր ստացան Մարիետա Գյուրզադյանը, Ավետիք Գրիգորյանը, իսկ աստղագիտական գիտելիքների տարածման համար էլ` Ռուբեն Բունիաթյանը:
Գիտությունն ակտիվ լուսաբանելու համար էլ շնորհակալագրեր հանձնեցին լրագրողների, լրատվամիջոցների:
Անի Կարապետյան