▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է ձեզ տեղին-անտեղին մեյդան-մայդան գցեք…

Երկակի ստանդարտ` նույնիսկ եռակի, քառակի…Այնքան է գրվել, խոսվել, քննարկվել, որ շատերը հավանաբար զզվել են արդեն: Բայց այդպիսին է ցավոք կյանքը, մարդն՝ իր էությամբ, պետությունները, քաղաքական գործիչները՝ իրենց շահերով, նպատակներով ու խնդիրներով…
Արևմուտքը Կիևի ցուցարարների հեղափոխությունը, թեկուզ վատ, բայց լեգիտիմ նախագահին վռնդելը համարում է օրինական, իսկ Ղրիմի քաղաքացիների մեծամասնության, թերակղզու ցուցարարների կամքի արտահայտումը անօրինական: Նույնը Ռուսաստանը` այլ մոտեցմամբ…
Կոսովոն՝ ըստ ԱՄՆ-ի, ըստ Արևմուտքի, բնականաբար, իրավունք ունի ինքնորոշվել՝ թքած տարածքային ամբողջականության վրա:
Մերձդնեստրյան հանրապետությունը, Հարավային Օսեթիան, Աբխազիան կարող են ինքնորոշվել, անկախանալ, այդպես է ուզում Ռուսաստանը: Հիմա էլ Ղրիմը…
Այդ դեպքում կարծես քոռ, խուլ ու համր են Լեռնային Ղարաբաղի` Արցախի հարցում…Եվ պատմական տարածք կա, և պատմական անարդարություն, և անկախացում, և ինքնորոշում, և հանրաքվե, և դարավոր թշնամանք, և Սումգայիթ…Լավ, էլ ի՞նչ եք ուզում...
Ես չեմ հասկանում նաև ռուսներին, Ռուսաստանի իշխանություններին ատող հայաստանցի քաղաքական և այլ գործիչներին, որոնք Ղրիմի հարցում Ռուսաստանին համարում են ագրեսոր և օկուպանտ: 
Հետաքրքիր է՝ տարիներ ի վեր խոսելով ազգերի ինքնորոշման մասին, այդ սկզբունքը Արցախի հարցում համարելով կարևոր, հիմա ի՞նչ պատահեց ձեզ...Արևմտյան էմիսարները ձեզ հանձնարարել են երկակի ստանդարտ կիրառե՞լ...Քննադատել Ղրիմի՞ն ու ռուսների՞ն...
Դե բնական է, դուք էլ հլու-հնազանդ, կամակատարի նման ենթարկվում եք՝ ջուր լցնելով ադրբեջանա-թուրքական ջրաղացին…
Ես ոչ ռուսամետ եմ, ոչ էլ արևմտամետ: Ես հայամետ եմ, ինձ համար կարևորը իմ ժողովրդի, իմ պետության շահերն են: Ես ուզում եմ, որ մենք ի վերջո հասունանանք ու տարբերենք մեր Ազգի, մեր Պետության, մեր Ժողովրդի շահերը այլոց կամքից, ցանկությունից ու այլոց նպատակներից…
Հերիք է այդ Մայդան-մեյդաններից խոսեք, այդ բառն արդեն իր թուրքական ծագմամբ զզվելի է, թող ուկրաինական «բորշն ու սալը» իրենք` ուկրաինացիները խփշտեն…Հիշե’ք մեր երկրի համանման իրավիճակներում, Արցախյան գոյամարտին, հետագա տարիներին ինչպես էին պահում իրենց այդ նույն ուկրաինացիները, նրանց տարասեռ «բայեվիկ» դիպուկահարները, վարձկանները, ուկրաինացիներն առհասարակ…
Եկել է ի վերջո հասունանալու պահը, հերիք է սրա-նրա ձեռքի գործիքը դառնանք, սրա-նրա սաքսաֆոնի կամ բալալայկայի տակ պարենք: Կա պետություն, կա տնտեսական, ազգային շահ, կա պետական մտածողություն, ռազմավարական խնդիրներ, թքած մնացած մայդանների վրա…
Հերիք է ձեզ տեղին-անտեղին մեյդան-մայդան գցեք…

 

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more