Մենք միշտ բողոքում ենք, որ հայերը հերոսներ քիչ ունեն, իսկ ադրբեջանցիները սաֆարովներին են հերոսացնում: Բայց ինչպե՞ս պետք է շատ հերոսներ ունենանք, եթե նոր սերունդը շատերի անունները նույնիսկ չգիտի: Մենք շատ նվիրյալներ ունենք, որոնց մասին շատերը չգիտեն, նրանց անունները երբեք չեն հնչում: Հերոսների մասին խոսելիս միշտ նույն անուններն են տրվում՝ 10-15 հոգու, մինչդեռ բազմաթիվ տղաներ մնացին ստվերում: Հերոսները հիշողության մեջ են ապրում, այլ ոչ պետական կոչումների շնորհիվ: Ազատագրական պայքարի ֆեդայիններին՝ Սերոբ Փաշային, Գևորգ Չաուշին, Արաբոյին հիշում են նրանց անունները տալով, նրանց սխրանքի շնորհիվ: Այսօր լավագույն տղաներից շատերը, ցավոք, մոռացության են մատնված, այնինչ գոնե հիշողության մեջ պետք է անմահ հերոսներ կոչվեին: Ազգային հերոսների թիվը շատացնելու համար նախ պետք է նրանց ճանաչել, հետո պահանջել պետությունից նրանց ազգային հերոսների կոչում շնորհել: Այս ամենը պետք է վերատեսության ենթարկվի:
Ազատամարտիկ Շահե Աճեմյան