▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս.«Ժողովուրդ»

Մարտի 1-ից Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս: Այդ հեռուստաընկերությունը մարզային կարելի էր կոչել պայմանական կերպով, քանի որ դրա հաղորդումները չէին սփռվում մարզի Բերդի տարածաշրջանում, Իջեւանի, Դիլիջանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների գյուղերի մեծ մասում: 2011թ.-ին Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության հենքի վրա ստեղծված «Տավուշ» հեռուստաընկերության 40 տոկոսի փայատերը Տավուշի նախկին մարզպետ, այժմ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանն էր, սեփականության իրավունքը գրանցված էր մարզպետի եղբոր կնոջ անունով: Հեռուստաընկերության մյուս 40 տոկոսի սեփականության իրավունքը գրանցված էր «Գրանդ Տոբակո» ընկերության իրավաբան Մանվել Սարգսյանի, իսկ մնացած 20 տոկոսինը` «Քամուտ» հեռուստաընկերության հիմնադիր եւ սեփականատեր Վարդան Անանյանի անունով: Տավուշի մարզային  հեռուստաընկերությունն անցած 4 տարում շատ քիչ է լուսաբանել մարզի համայնքների անցուդարձը, սահմանագոտում կատարվող իրադարձությունները:

Այդ հեռուստաընկերության եթերում հիմնականում կենդանիների մասին հաղորդումներ էին, որոնք պատրաստված էին BBC հեռուստաընկերության կողմից:  Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձանաժողովը, որը  կոչված է վերահսկելու, որ Հայաստանի հեռուստաընկերությունները կատարեն   հեռարձակման լիցենզիա ստանալու ժամանակ իրենց ստանձնած պարտավորությունները, այդ հարցում անգործության էր մատնված: Այսինքն՝ «Տավուշ» հեռուստաընկերությունը իր եթերաժամի որոշակի մասը պետք է հատկացներ հայրենական եւ սեփական  հաղորդումներին, ինչը անցած 4 տարում չի արվել: Եվ չնայած սրան` «Տավուշ» հեռուստաընկերությանը տրվել է թվային հեռարձակման լիցենզիա, այս տարվա հունիսից այն պետք է անցնի թվային հեռարձակման:

«Ժողովուրդ»-ը  «Տավուշ» հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանից հետաքրքրվեց, թե այժմ ո՞վ է հեռուստաընկերության սեփականատերը: Նա հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ փոխվել է հեռուստաընկերության սեփականատերը, այժմ 80 տոկոս բաժնեմասի տերը Վլադիմիր Աղեկյանն է, իսկ ինքը, նախկինի նման, տնօրինում է հեռուստաընկերության 20 տոկոս բաժնեմասը:

Վ. Անանյանին հարցրինք, թե ինչու մարզային հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս: Նա ասաց, որ այդ հարցը պետք է տալ ՀԸ-ի նոր սեփականատիրոջը: Մեր ունեցած տեղեկություններով՝ մարզային հեռուստաընկերությունը ներկայումս չի գործում, քանի որ ֆինանսական մեծ պարտավորություններ ունի, այդ թվում՝ աշխատողներին ամիսներով չվճարված աշխատավարձի տեսքով: 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more