Սույն թվականի փետրվարի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ ի օգուտ Ադրբեջանի լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հերքել է Խ. Մարտիրոսյանի առնչությունն ադրբեջանական հատուկ ծառայություններին և նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտի չէ:
Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» կազմակերպելու համար ընդունակ են հոգեկան հիվանդությամբ տառապող ՀՀ քաղաքացի, սահմանամերձ գոտու բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանին ներկայացնել որպես «հայկական դիվերսանտ», ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա, որոնք կոնկրետ Խ. Մարտիրոսյանի դեպքում կներկայացվեն դատավարության ժամանակ:
Խուճապի մատնվելու ադրբեջանական կողմի շարժառիթները մեզ համար պարզ են, առաջարկում ենք սպասել դատավարության գործընթացին:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն