▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ-Լեոն Ռանոսի նոր գոլը․ Ո՞վ է Հայաստանի հավաքականի խոստումնալից նորեկը

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը կրկին գոլի հեղինակ է դարձել Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի կազմում:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 22-րդ տուրից հետաձգված խաղում «Բավարիա-2»-ը հյուրընկալվել է «Թյուրքգյուջյու Մյունխեն» ակումբին և հաղթել 3-0 հաշվով, 19-ամյա հարձակվողը 41-րդ րոպեին կրկնապատկել է իր թիմի առավելությունը:

Ռանոսը խաղադաշտում անցկացրել է 61 րոպե: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն անցկացրած 26 խաղում դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կպատրաստվի թուրքերի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային հանդիպմանը (մարտի 25) և Կիպրոսի թիմի դեմ ընկերական խաղին (մարտի 28): Երկու հանդիպումները տեղի կունենան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Հրանտ-Լեոն Ռանոսի՝ Հայաստանի ազգային հավաքականին միանալու որոշումը մեծ ոգևորություն է առաջացրել հայ ֆուտբոլասերի շրջանում, թեև նրա խաղն անծանոթ է շատերին։ Ռանոսի հետ Հայաստանում մեծ հույսեր են կապում, 19-ամյա ֆուտբոլիստն անցել է Մյունխենի «Բավարիայի» դպրոցով, իսկ այնտեղ պատահական խաղացողներ չեն լինում։ 

VNews-ն է փորձել  պարզել՝ ո՞վ է Հրանտ-Լեոն Ռանոսը (ծնունդով՝ Երանոսյան) և ինչ կարող է տալ ազգային հավաքականին։

Ո՞վ է Հրանտ-Լեոն Ռանոսը

Ռանոսի ծնողները ծնունդով Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից են, ժամանակին արտագաղթել են Գերմանիա։ Հավանաբար, դրանով է պայմանավորված ֆուտբոլիստի մյուս՝ ոչ հայկական ազգանունը, որը տարիներ առաջ երևում էր Transfermarkt-ում։ Վաղ տարիքում հայտնվել է «Հանովերի» պատանեկան թիմում, որտեղ առաջընթաց գրանցելուց հետո տեղափոխվել է գերմանական գրանդներից մեկի՝ Դորտմունդի «Բորուսիայի» ակադեմիա, մեկ տարի անց էլ արդեն մեկնել է Մյունխեն՝ հաստատվելով «Բավարիայի» պատանեկան թիմի կազմում։ 4 տարվա ընթացքում անցել է գերմանական գրանդի պատանեկան թիմերով՝ Մ16, Մ17, Մ19, իսկ 2022 թվականին ամրապնդվել  «Բավարիայի» երկրորդ թիմի կազմում։ Ընդ որում, ոչ միայն ամրապնդվել, այլև դարձել թիմի լավագույն ռմբարկուն։  Հաջորդ տրամաբանական քայլը Ռանոսը ևս կատարել է․ նա մարզվում է «Բավարիայի» առաջին թիմի կազմում, սակայն հանդիպումներն անցկացնում է երկրորդ թիմում։ Ռանոսը խաղացել է նաև Գերմանիայի Մ15 և Մ16 հավաքականներում, սակայն ավելի բարձր տարիքային թիմերից հրավեր չի ստացել։

Խաղաոճը

180 սմ հասակ ունեցող Ռանոսը դեռ այն տարիքում է, երբ խաղային դիրքի փնտրտուքները չեն ավարտվել, բայց վերջին շրջանում մարզիչներն ավելի հաճախ են նրան վստահում կենտրոնական հարձակվողի դիրքը։ Արագությունն ու տեխնիկական զինանոցը թույլ է տալիս Ռանոսին խաղալ նաև եզրերում և ենթահարձակվողի դիրքում, բայց Հայաստանի հավաքականում վինգերների պակաս չկա, այնպես որ, «Բավարիայի» խաղացողին ազգային թիմում դիտարկում են որպես կենտրոնական հարձակվող։ Նա երկու ոտքով ուժեղ հարվածների է տիրապետում, կարող է պայքարել տուգանային հրապարակում, լավ եզրափակող է, կարող է իր վրա տանել մրցակցի պաշտպաններին ու ազատ գոտիներ ստեղծել խորքից միացող թիմակիցների համար, դրանով որոշակի նմանություն կա Յուրա Մովսիսյանի հետ, սակայն, Ռանոսը, իհարկե, Յուրայի պես ուժային հարձակվող չէ։

Ռանոսը՝ հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականը՝ Յուրա Մովսիսյանի կարիերան ավարտելուց հետո կենտրոնական հարձակվողի դիրքում լուրջ խնդիրներ ունի։ Այդ խնդիրները որոշ չափով փակվում էին, երբ լավ մարզավիճակում էր Ալեքսանդր Կարապետյանը, որը կարողանում էր պայքար առաջարկել  մրցակցի պաշտպաններին, ինքն էլ վատ եզրափակող չէր։ Արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առջևի գծում կարևոր ֆուտբոլիստ է, որը կարողանում է լարվածության մեջ պահել մրցակցի պաշտպաններին, հոգնեցնել նրանց, ազատ գոտիներ ստեղծել, բայց որպես եզրափակող լավագույն ընտրությունը չէ։ Սարգիս Ադամյանն ավելի արդյունավետ է որպես երկրորդ հարձակվող, իսկ երկու կենտրոնական հարձակվողով Հայաստանի հավաքականը հազվադեպ է խաղում։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է տևական ժամանակ լուծել կենտրոնական հարձակվողի խնդիրը։

Եթե․․․

Ֆուտբոլասերների մոտ ոգևորությունը, իհարկե, մեծ է։ «Բավարիայի», թեկուզև երկրորդ կազմի ֆուտբոլիստի առկայությունը հավաքականում ուրախացնում է, սակայն պետք է նաև իրատես լինել։ Ռանոսը հեռանկարային ֆուտբոլիստ է, որի ներուժը, սակայն, դեռ հստակ հասկանալի չէ։  Հիմա ֆուտբոլիստի համար շատ կարևոր ժամանակաշրջան է․ ընթացիկ մրցաշրջանից հետո Ռանոսը պետք է քայլ առաջ կատարի ու փորձի հաստատվել ավելի բարձր մակարդակի լիգայում։ Այդ առումով՝ Հայաստանի հավաքականում խաղալը կարող է լավ այցեքարտ լինել։ Հեռանկարային հարձակվողը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև իսկականից բարձր մակարդակի խաղացող դառնալը, և կարիերայի այս փուլում սխալ որոշումների իրավունք չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more