▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակում պետք է տեղադրվի Լենինի արձանն ու վերականգնվի ապամոնտաժված տրիբունան

ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը` արձագանքելով Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթին, ներկայացնում է  մրցույթի պայմաններին համապատասխան հայեցակարգային նախագիծ: Նախագծի շրջանակներում կենտրոնի կողմից առաջարկվում է Լենինի արձանի տեղում տեղադրել Լենինի արձանը և վերականգնել ժամանակին ապամոնտաժված տրիբունան:

            ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի կողմից առաջարկը հիմնավորվում է հաշվի առնելով հետևյալ իրողությունները.

            - հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով, իսկ Լենինի արձանի տեղադրումը կարող է զգալիորեն թեթևացնել տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը հրապարակում,

            - Լենինի պես հզոր քաղաքական առաջնորդի արձանը կարող է մեծ ստվեր գցել Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ձևավորված ակտիվ սիլուետների վրա` թուլացնելով դրանց բացասական ազդեցությունը,

            - հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են և դրանց կարևորությունը շեշտադրելու համար հարկավոր է ազդեցիկ արձան,

            - կառուցվել է երկու կարևորագույն հրապարակների միջև հետիոտն կապ հանդիսացող Հյուսիսային պողոտան, քանդվել է Իսահակյանի անվան գրադարանը, վաճառվել է ԱԳՆ շենքը և այլն,

            - ի վերջո՝ Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային
միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ, արժանի է ունենալ այն տեսքը, որն ի սկզբանէ որոշել էին հրապարակի հիմնադիրները:

            Սույն հայեցակարգային նախագիծը ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի կողմից նախատեսվում է ներկայացնել մրցութային հանձնաժողովի ուշադրությանը սահմանված ժամկետներում` 1:400 մասշտաբի կից մանրակերտով: Հաշվի առնելով Երևան քաղաքում առկա բազմաթիվ խնդիրները` այս նախագիծը հնարավորություն է տալիս նաև խնայել քաղաքապետարանի միջոցները` դրանք ոչ պակաս կարևոր այլ նպատակներով տնօրինելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more