▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուրանոց.Հիմա ի՞նչ անեմ: Քնե՞մ: Ադրբեջանցո՞ւ հետ

Հյուրանոց: Ուրիշ ոչ մի բան: Եթե Մոսկվայում ես, առաջինը դա է: Մի հատ հյուրանոցի համար: Ճիշտ է, 1989 թվականն է հիմա, ու ասում են, որ կոոպերատիվ հյուրանոցներ էլ արդեն կան, բայց դրանք գտնելու ժամանակ չկա: Իսկ հիմա շտապ հյուրանոցի ազատ տեղ է պետք: Մի ժամանակ լավ էր, գործուղման գնալիս նախօրոք հյուրանոցի հարցը լուծում էին: Հիմա ինքդ պետք է լուծես:
Ահա եւ «Կոսմոսը»: Երեւի, համայն Սովետի ամենաինտերնացիոնալ հյուրանոցը: Ինչպես միշտ, տեղ չկա: Ադմինիստրատորը չորս տարի առաջ էլ էր նույն հայացքով հայտարարում, որ տեղ չկա, հիմա էլ: Բայց 10 ռուբլու շնորհիվ, ինչպես միշտ, հանկարծ ազատ համարը գտնվում է: 5-րդ հարկ, 612 սենյակ: Երկտեղանոց է, ու այնտեղ արդեն մարդ կա: Կընկերակցեք: Մի տեսակ անդուր տոնով դա ասաց ադմինիստրատորը, բայց դե, փողը տված է, քունս էլ տանում է: Վաղը գործնական հանդիպումներ են սպասվում, պետք է թարմ ուղեղով գնալ:
Ահա եւ 612 սենյակը: Ներս մտա, այնտեղ բեղավոր մի կովկասցի էր նստած: Դե, ծանոթանանք:
- Բարեւ ձեզ:
- Բարեւ:
- Աշոտ:
- Քյազիմ:
Օ-բա-նա: Ադմինիստրատոր, ես քու… Գիտեր, որ ադրբեջանցի է: Ռուսներիդ ի՞նչ կա. Դեռ «Союз нерушимый» եք երգում, մեր համար դրանից բան չի մնացել, մենակ թշնամություն ենք ստացել:
Հիմա ի՞նչ անեմ: Քնե՞մ: Ադրբեջանցո՞ւ հետ: Բա նրա դժգոհ հայա՞ցքը: Երեւի նա էլ էր ուզում քնել:
Կանգնեց: Իմ բոյին է գրեթե, մի քիչ ավելի բարձր: Եթե բանը հասնի ձեռնամարտին, ուրեմն հավասար ենք: Ուրեմն, խառը կռիվ չի լինի: Համ էլ, ինքը ի՞նչ գիտի, ես ո՞վ եմ: Կարող է, պարապած տղա եմ: Մեծ հաշվով, ինժեներ եմ, բայց դե, իրեն ինչ: Կարեւորը, ցույց տամ, որ ընդհանրապես իրենից վտանգ չեմ զգում:
Բայց քնել եմ ուզում: Էդ հարց ա: Ի՞նչ իմանաս, ինչ կանի: Սրանցից ինչ ասես, սպասելի է: Մոտը դանակ էլ կունենա: Դե գնա ու քնի:
Մահճակալին բոլոր դեպքերում, հագուստով պառկեցի: Դեմքով դեպի իրեն: Քյազիմն էլ նույնը արեց: Ահա այսպես, մեր հայացքները միմյանց հանդիպեցին: Լուռ իրար ենք նայում: Ու այդ պահին հյուրանոցի այս սենյակը ես պատկերացրի ռազմի դաշտ, մեզ էլ` սահմանապահ, կամ հերթապահ: Զինվոր, մի խոսքով: Մտովի սենյակը կիսեցի: Կեսը` ինձ, կեսը` իրեն: Իմ կեսը անցավ, ուրեմն հարձակում է գործում: Գոնե մի բան ասեր: Լուռ է Քյազիմը: Իսկ ի՞նչ ասի: Հո չի՞ ասի, որ հենց քնեմ, գալու է սպանի:
«Սալյուտ» սիգարետի լավը էն է, որ երկար կարող ես ծխել. Թութունը էնքան էլ լավը չի, խոնավ է: Ցանկացած պատերազմում զինադադար կա: Մեր դեպքում դա պերեկուրն է: Ծխում եմ, Քյազիմն էլ: Ծխում ու մտածում ենք: Գոնե երկու տարի առաջ լիներ այս գործուղումը: Կոնյակս հանեի, նա էլ մանդարին, գինի, կնստեինք, կխմեինք, ջան կասինք, տուտուց վրացիներին ձեռ կառնեինք:
Իսկ հիմա մենք ճակատի տարբեր կողմերում ենք: Սահման ենք պահում: Բայց այնպես եմ ցանկանում քնել: Մեկ-մեկ աչքերս հուփ են գնում: Բայց երբ պատկերացնում եմ Քյազիմին դանակը ձեռքին, միանգամից սթափվում եմ: Հետաքրքիր է, իսկ եթե հարձակվի՞: Տեսնես, շատ կտանջի՞, թե միանգամից վերջս կտա: Դանակը սրտումս լինի, երեւի վայրկյաններ կապրեմ: Գոնե այդպես: Կարող է, նույնիսկ չհասցնեմ ցավ զգալ:
Այդ հեռանկարը ինձ չի դզում: Բոլոր դեպքերում, լոգարանում գլուխս սառը ջրի տակ պահեցի: Մի կես ժամ քունս կփախնի հաստատ: Ինձանից հետո Քյազիմն է սառը ցնցուղ ընդունում: Ինքն էլ է քնել, բայց ավելի շատ` ապրել ուզում. պարզվում է: Յանի ի՞նչ: Դու մեզանից նման նամարդություն ո՞նց ես սպասում: Լավ էլի, ամոթն էլ լավ բան է:
Արդեն չորրորդ սիգարետը գնաց. Ճակատում անդորր է: Վաղը տրաքած գլխով եմ գնալու գործի: Քյազիմն էլ: Մի ինչ որ ձեւով երդվեինք, որ իրար մատով չենք կպնի: Բայց չէ. երդումը պատերազմում չի անցնում: Ու թե ինչի՞ սկսվեց էս ղալմաղալը: Սաղ Գորբաչովն էր: Հաստատ դա է կռիվը գցել: Գնում էինք Շամխոր, 10 կոպեկով կառալյոկ գնում, բերում Երեւան: Մի գրամ, կամ մի դրամ չէին խաբում: Երեւանի շուկաներում ամենաէժանը իրենց միրգն ու բանջարեղենն էր: Սաղ Գորբաչովն արեց:
Հակառակի պես, ժամերը ահավոր դանդաղ են գնում: Նույնիսկ վայրկյաններն են ալարում առաջ շարժվել: Գոնե ամառ լիներ, շուտ լուսանար: Նոյեմբերին գիշերը կրկնապատկվում է: Մի հատ քնելով ամեն ինչ կանցներ: Հա, ինչքա՞ն պիտի բքենք: Կեսը ծխեցինք:
Երկրորդ շրջանով սառը ցնցուղ ընդունեցինք: Չնայած ֆիզիկայից գիտեի, որ մարմինը սառեցնելիս ծավալները փոքրանում են, բայց Քյազիմի դեմքը մի տեսակ ուռել էր: Երեւի` իմն էլ: Ոռու գլուխ ենք. հա-հա-հա: Էդ մտքումս ծիծաղեցի:
Ու ուտելու ցանկություն էլ չկա: Նոր հիշեցի, որ եփած հավ ունեմ, ձու, լավաշ: Տայի Քյազիմին, ասեի, ախպեր, սաղ քեզ, մենակ քնեմ: Դու կեր, ես քնեմ:
Հիշում եմ, որ «Արարատը» Բաքվում «Նեվթչիին» կրեց 2:0: Խորիկը գոլ խփեց: Խաղից հետո ավտոներ էին շուռ տվել, ջարդել: Վառված էին: Դրանից հետո քնել կլինի՞: Սաղ Գորբաչովն արեց:
Լուսանում է: Տարի տեւեց գիշերը, բայց լուսանում է: Լավ է: Վերջին սիգարետս էր մնացել: Լուռ, մտորումների մեջ, ես ու Քյազիմը մի-մի հատ էլ ծխեցինք: Մեծ հաշվով, այս գիշերվա ես պիտի չվճարեմ հյուրանոցին: Դեռ մի բան էլ իրանք պիտի տան նման օյին սարքելու համար: Քյազիմը ճամպրուկը վերցրեց: Մեղք էր էս տղեն: Ես էլ էի մեղք: Անկապ թշնամի դարձանք: Ոնց որ վատ տղա չէր: Կարող է, մի ինժեներ էլ ինքն էր: Հեռանալիս տխուր հայացք գցեց իմ վրա, ցածր ձայնով հաջող արեց ու դուրս եկավ: Ես էլ դուրս գամ: Պատերազմի իմ առաջին օրն էր, ողջ մնացի: Ողջ մնացինք: Բայց սա պատերազմի սկիզբն է: Սրանից ավելի երկար գիշերներ են լինելու: Սովետը մի հյուրանոց է, որի սենյակների համար շուտով բոլորը իրար միս են ուտելու: Բոլորն էլ քնել են ուզում: Ու բոլորը չէ, որ կարթնանան:

Լուսանկարն ու նյութը` Մհեր Ղալեչյանի ֆեյսբուքյան Էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more