▲ Դեպի վեր

Saturday, 15.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ է զիջել Ադրբեջանը, որ ասում եք` փոխզիջումներ»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին

«Ի՞նչ է զիջել Ադրբեջանը, որ ասում եք` փոխզիջումներ»,- ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Խաղաղության համաձայնագրին։ Հարցին ի պատասխան ԱԳ նախարարը փոխզիջում համարեց բազմիցս ասված այն կետը, որ երկրները որոշել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սակայն նա չմանրամասնեց, թե ադրբեջանական զորքը դուրս կգա՞ Սյունիքի, Վարդենիսի, Ջերմուկի տարածքներից։ «Խաղաղությունը ՀՀ-ի գոյության միակ ձևն է։ Ադրբեջանի հետ խաղաղությունը բխում է ՀՀ շահերից»,-ասաց Միրզոյանը։ Նա նաև պատասխանեց հարցին, թե Կաթողիկոսին ռևանշիստ համարո՞ւմ են՝ հաշվի առնելով Վեհափառի խոսքերը, թե արցախցիները պետք է վերադառնան Արցախ։ «Ամենայն Հայոց Կաթողիկոսին ռևանշիստ չենք համարում»,- ասաց Միրզոյանը։

Դիտեք նաև՝

***

«Այն պահին, երբ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը, այդ պարագայում Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի ու փոխշահավետ լուծումների կգանք»,- ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ դրական գնահատելով դիտորդական առաքելության գործունեությունը։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Նշենք, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո դիտորդների դուրս բերումը հայ-ադրբեջանական սահմանից և միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետ կանչելը այն կետերն էին, որոնք ամիսներ շարունակ Բաքուն պահանջում էր համաձայնեցնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնագրի ուժ մեջ մտնելուց հետո կողմերը համաձայնել են իրենց ընդհանուր սահմանին երրորդ երկրի ուժեր չտեղակայել։

***

«Ամեն առիթի դեպքում մենք ընդգծում ենք, թե որքան ենք գնահատում Իրանի դիրքորոշումը՝ ՀՀ տարածքային ամբողջականության, Սահմանների անխախտելիության վերաբերյալ»,- ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով 2024 թվականին կատարված աշխատանքները։ Նախարարը հայտնեց, որ մոտ ապագայում սպասվում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի այցը Երևանում:

***

«Համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով հակամարտությունը կմոտենա ավարտին, և մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չի լինի»,- ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ նախարարը հայտնեց նաև, որ ոչ մի միջանցքի մասին կետ չկա խաղաղության համաձայնագրում։ Տեքստում չկա նաև որևէ դրույթ այն մասին, որ մինչև ԽՍՀՄ փլուզումը 2 երկրներում բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիներն ապրել են։
Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ 2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ ու ամենակայուն տարին է եղել ՀՀ սահմանների համար, ինչը պայմանավորված է տարվող արտաքին քաղաքականությամբ։

***

«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրների բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիներն ապրել են»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցված տեքստին։ «Տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա, չկա նաև Սահմանադրությունների մասին կարգավորում»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ դատողություններ անելուց պետք է հիշել, որ խաղաղության համաձայնագրերը կնքվում են թշնամական երկրներւ միջև, ուստի․ «Համաձայնագիրը կախարդական փայտիկով երկու երկրներին ու ժողովուրդներին բարեկամներ չի դարձնելու, բայց լինելու են մեխանիզմներ, որոնցով հետագա զգայուն հարցերը կկարգավորվեն»։

***

«Երեկ հայտարարեցինք, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, ինչը շատ կարևոր հանգրվան է խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շարունակելով․ «ՀՀ-ն առաջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ՝ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի և մյուս մանրամասների շուրջ։ Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին։ Կա երկկողմ պատրաստակամություն՝ համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև տրանսպորտային տրանզիտ տնտեսական հարցերով։ Մեր մոտեցումը ապաշրջափակմանը հայտնի է, փոփոխություն չկա»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են ՀՀ-ի ինքնիշխանության և օրենսդրության ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more