▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են մտածում պաշտպանության նախարարը և մյուսները

Բոլորիս համար պարզ է, որ Արցախյան պատերազմը չի ավարտվել ու ամեն վայրկյան կարող է վերսկսվել և այդ պարագայում շատ զարմանալի ու ցավալի է, որ մեր երկրում չի խրախուսվում հայրենասիրությունը, հանուն հայրենիքի` անձնազոհությունը:

Նայենք Երևան քաղաքի գովազդային վահանակներին, չենք գտնի անգամ մեկ Արցախյան պատերազմի մասնակցի, հերոսի վահանակ, ավելին, կան այնպիսի վահանակներ, մեծ պաստառներով, որոնցում բացահայտ վիրավորանք, արհամարանք է տածվում մեր պատերազմի հերոսներին, մեր զոհված կամ գոյությունը մի կերպ քարշ տվող մեր հերոս տղաների, մեր լավագույն սպաների վերաբերյալ, տղաներ, որոնց արյան գնով ազատագրվեց Արցախը, վերականգնվեց մեր ազգային հպարտությունը:

Արդյոք Պաշտպանության նախարարը, Մշակույթի նախարարը, մեր երկրի Նախագահը, վարչապետը կամ պատերազմի մասնակից սպաները չեն տեսել Երևանում և Հանրապետության մի շարք տեղերում տեղադրված մեծ վահանակները, որոնցում մեր շատ սիրելի, մեծարանքի ու հարգանքի արժանի շախմատիստներն են, իսկ ներքևում մեծ տառերով գրված «մեր իրական հերոսները»:

Ի՞նչ կպատասխանի Սեյրան Օհանյանը, եթե դպրոցում երեխաները հանկարծ հարցնեն. պարոն նախարար մի՞թե Վազգեն Սարգսյանը, Մոնթեն, Թաթուլը, Դուշման Վարդանը, Պետոն, Բեկորը և ուրիշները կեղծ ու շինծու հերոսներ են:

Մի՞թե Շուշին, Լաչինը, Մարտակերտը, Քարվաճառը, Ֆիզուլին, Քաշաթաղը ազատագրած տղաները, որոնց մի լավագույն մասը զոհվեցին, անտեր թողնելով իրենց ընտանիքները կեղծ ու շինծու հերոսներ են:

Ես չգիտեմ որ նախարարությունն է պարտավոր հսկելու այդ գովազդները, բայց ամոթ է այդ նախարարությանը և մեր պատասխանատու այրերին, դա ծաղր է ուղղված մեր հազարավոր զոհված և պատերազմի մասնակից բոլոր տղաներին:
Մի՞թե այդպես ենք սերունդ դաստիարակում:

Մեր շախմատիստները արժանի են մեծարման, թող կոչվեն շախմատի հերոսներ, մարզաշխարհի հերոսներ, բայց ոչ իրական հերոսներ:

Ես վստահ եմ, որ ժամանակները կփոխվեն և Դուք մեր հերոս տղաներ կվայելեք իրական հերոսների դափնիները:

ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more