▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կլինի ապրիլի 9-ից հետո

Րաֆֆի Հովհաննիսյանը ավարտեց պայքարի «հացադուլային փուլը»՝ վերսկսելով մարզային այցելությունները: Առջևում ապրիլի 9-ն է՝ նախագահի երդումնակալության օրը, որը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հռչակվել է որպես «Նոր Հայաստանի սկիզբ»: Չնայած այն հանգամանքին, որ Ր. Հովհաննիսյանի թիմը փորձում է ապրիլի 9-ի հանրահավաքի նկատմամբ հասարակության մեջ սպասումներ արթնացնել, շատ բան դեռևս անորոշ է: Անորոշ է նաև, թե ինչ կլինի, եթե նույնիսկ ապրիլի 9-ին նախատեսվող հանրահավաքը սովորականից բազմամարդ լինի. զանգվածային հացադո՞ւլ, նստադո՞ւլ, քաղաքացիական անհնազանդությո՞ւն… Տարբերակները շատ են, սակայն դրանցից ոչ մեկ արդյունավետ պայքար չի երաշխավորում:
Երկրորդ՝ դեռ պարզ չէ, թե ի՞նչ է նշանակում «նոր Հայաստանի սկիզբ», բացի նրանից, որ Սերժ Սարգսյանը կանցնի իր պաշտոնավարման երկրորդ ժամկետին, ի՞նչ կփոխվի ժողովրդի կյանքում: Իսկ ավելի կոնկրետ, իր պայքարով ի՞նչ նոր սկիզբ կդնի Ր. Հովհաննիսյանը: Թե ինչ նոր փոփոխությունների կգնա գործող նախագահը, այլ հարց է, իսկ թե ինչ է խոստանում Ր. Հովհաննիսյանը ապրիլի 9-ից հետո, լրիվ այլ:
Եվ որքան էլ Ր. Հովհաննիսյանի որոշ համակիրներ հայտարարեն, թե իրենց լիդերի հաջողությունը նաև անկանխատեսելի լինելու մեջ է, որով իշխանությունները չեն կարողանում հաշվարկել նրա քայլերը, այնուամենայնիվ, այդ պնդումները անկեղծ չեն թվում: Ավելին, դրանք նպատակ ունեն քողարկելու առկա անորոշությունը:
Երրորդ, «իշխանությունները խուճապի մեջ են» արտահայտությունն այլևս չի գործում, և որքան պայքարն ավելի անորոշ է դառնում, այդքան այն ավելի հաճախ է հնչում: Եվ առհասարակ, իշխանության ներսում տիրող իրավիճակին առավել «հուզական» կամ «պայթյունավտանգ» որակումներ հնչեցնելու փոխարեն ընդդիմությունը պետք է ավելի շատ մտածի այդ իրավիճակից օգտվելու ու իր պայքարը վերջնակետին հասցնելու ճանապարհների մասին:

 

 

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more