Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը ԱԺ-ում ներկայացրել է խաղաղության պայմանագրի կետերը: Ավելի շուտ խոսել է արդեն վաղուց հայտնի կետերը քվեարկությամբ ընդունելու անհրաժեշտության մասին: Խոսել-համոզելու անհրաժեշտությունն էլ ծագել է նրանից, որ ՔՊ-ի մեջ կա մի որոշակի խումբ, որ վերջերս դիրքավորվել է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կոչվող ճամբարում: Ընդհանուր թվով մոտ 20 հոգի են: Ու թվում է, թե այս դասավորվածությամբ Փաշինյանը պիտի որ լուրջ խնդիրներ ունենա, քանի որ նախ առանց այդ 20 քվեի նա չի կարողանա ԱԺ-ով պայմանագիրն անցկացնել, իսկ ավելի գլոբալ առումով դա հենց այն քվեներն են, որ իր պաշտոնազրկման հիմքում կարող են լինել: Սակայն, քանի որ Քոչարյանն ամեն կերպ վիժեցնում է իմպիչմենտի օրակարգը, քաղաքական այս դասավորվածությունը հանգեցրել է պատային իրավիճակի:
Փաշինյանը փորձում է պլստալ ու թռնել ամերիկացիքի գիրկը, որի գլխավոր նախապայմանը խաղաղության պայմանագիրն է «եվրոպական» խմբագրությամբ: Քոչարյանն ունի հանձնարարական պարտադրել խաղաղության պայմանագրի «ռուսական» տարբերակի ստորագրումը:
Մինչդեռ Սերժ Սարգսյանը փորձում է վիժեցնել երկու տարբերակն էլ, հասնելով իմպիչմենտի, որը ո՛չ Փաշինյանն է ուզում, ո՛չ էլ Քոչարյանը:
Ըստ ամենայնի՝ ինչ-որ պահի Սերժը կսկսի քանդել «Հայաստան» դաշինքը` Քոչարյանի տակից հանելով Դաշնակցությանը և «սյունեցիներին», հետագայում կպցնելով «Հայաստանի» անջատողականներին «ՔՊ»-ի անջատողականների հետ ու փաստի առաջ կանգնեցնելով Քոչարյանին: Ստացվելու է, որ Քոչարյանը միակ խոչընդոտն է` Փաշինյանին պայմանական «Վանեցյանի» միջոցով հեռացնելու համար: Տվյալ պարագայում Քոչարյանին այլ բան պիտի որ չմնա, քան հանձնվելը: Քոչարյանին կարող է փրկել միայն Ալիևը, որին զսպում է ոչ միայն Արևմուտքը, այլ արդեն նույնիսկ Էրդողանը, ինչն Ալիևին թույլ չի տալիս լայնամասշտաբ հարձակում գործել, այլ թույլ է տալիս ընդամենը սահմանին լարվածություն պահել:
Ամեն դեպքում, ինչքան հասկանում եմ, այս հարցի լուծման լյուֆտը շատ փոքր է, ըստ երևույթի, մի քանի շաբաթում կա՛մ էս կողմ, կա՛մ էն կողմ պիտի լինի: Քոչարյանը չի զիջելու, նա չափից դուրս շատ բան ունի կորցնելու ու շատ լավ գիտի, որ երկրի հաջորդ ղեկավարին չի կարողանա առաջարկել այն ծառայությունները, որ մատուցել է Փաշինյանին նոյեմբերի 9-ից ի վեր ու դրա դիմաց հա՛մ մաքրվել է հոդվածներց, հա՛մ էլ փող աշխատել: Մյուս կողմից եթե Սարգսյանը չկարողացավ արագի մեջ կազմաքանդել Քոչարյանի դաշինքն ու մեկնարկել Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, ապա Փաշինյանը կստանա բավարար ժամանակ սեփական ֆրակցիայի ապստամբներին կոտրելու ու համոզելու, որպեսզի քվեարկեն «պրագմատիկ» տարբերակի օգտին: Քոչարյանն էլ ժամանակը ձգելու դիմաց կստանա ևս մեկ տենդեռ՝ այս անգամ, օրինակ` շտապօգնության մեքենաներ կբերի ու կշարունակի մեղադրել հայ ժողովրդին իր` «հաղթանակող կերպարից» վախենելու մեջ:
Կա, իհարկե, նաև երրորդ տարբերակը՝ Քոչարյանն էնքան ա ձգում էս պատային իրավիճակը մինչև Ալիևը շանս ստանա լայնամասշտաբ հարձակման համար, որից հետո «հերոսը» Երևանում կփորձի դասական գիշերային հեղաշրջում անել 98-ի սցենարով: Էս Ալիև-Քոչարյան զույգը դեռ նավթամուղի կառուցման օրոք իրար հետ լավ էլ լեզու էին գտել Աթենքում շինարարության տենդեռներն իրար մեջ բաժանելով:
Եվ այս ամենին հավելյալ սրություն է հաղորդում այն փաստը, որ տարածաշրջանի գլխավոր գործոն հանդիսացող Մոսկվան փլուզման եզրին է, հետևաբար Ալիևը շատ քիչ ժամանակ ունի գործելու համար: Գալիք 2-3 շաբաթը լինելու են չափազանց նյարդային»: