ԱԺ ՀԿԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր խորհրդարանում բորբոքվել է լրագրողներից մեկի այն հարցից, թե արդյո՞ք նորմալ է, որ օրենք է խախտվում և հայկական հեռուստատեսությամբ ռուսերեն լեզվով խաղ է ցուցադրվում:
«Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»,- լրագրողներին ասել է Բադեյանը:
«Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ Բորիս Մուրազին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով հնչած արտահայտության մասին` ասաց.
«Ազգային փոքրամասնությունների կենտրոնում այսօր եզդի երիտասարդների համաժողովն էր, որը Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում, ժողովի ավարտին տեղեկացա, որ նման բան է ասվել: Որոշ կայքեր անգամ արդեն հրապարակել էին, որ Բադեյանն իր խոսքում վիրավորական արտահայտություն է թույլ տվել եզդի ժողովրդի հասցեին: Որոշեցինք խորհրդարանի մուտքի մոտ բողոքի ձայն բարձրացնել և հասկացնե, որ նա պետական գործիչ է, ոչ թե փողոցում կանգնած անձնավորություն, որ կարող է խելքին փչածը արտահայտել: Գնացինք ԱԺ` տանելով մեր կողմից նկարված ավանակ և զուգարանի թուղթ»:
Հարցին, թե ինչո՞ւ ավանակ և զուգարանի թուղթ, Բորիս Մուրազին պատասխանեց.
«Ավանակը շատ համառ և աշխատասեր կենդանի է և ավելորդ տեղը չի խոսում, պարզապես իր գործն է անում: Հիմա, եթե այդ պատգամավորի գործը ԱԺ-ում կոճակ սեղմելն է, թող համառորեն զբաղվի իր գործով: Իսկ զուգարանի թղթի իմաստը այն է, քանի որ մեր ազգի հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տվողը չի կարող խոսել, նա ուղղակի մարմնի այդ հատվածով ուղղակի ձայներ է հանել, իսկ հիգիենայի կանոններից ելնելով` նման դեպքերում զուգարանի թուղթ են օգտագործում»:
Ինչ վերաբերում է Էթիկայի հանձնաժողով դիմելու որոշմանը, ապա «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահը պատասխանեց, որ կդիմեն անպայման, չնայած հույսեր չեն կապում.
«Մեծամասնությունը հանրապետական են, դժվար թե որևէ քայլ ձեռնարկեն, չնայած կարծում եմ, որ ՀՀԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր կգտնեն, որ իրենց գործընկերը ճիշտ քայլ չի կատարել: Նա թույլ է տվել սխալ` մի ամբողջ ժողովրդի հասցեին, ովքեր ՀՀ քաղաքացիներ են` ծառայել և ծառայում են այս երկրին»:
Անի Կարապետյան
Լուսանկարը՝ 7or.am-ի