▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ չի գործում Frunzik.com-ը և ո՞վ է այդ մասին ծանուցող հայտարարության հեղինակը

 www.frunzik.com-կայքը, որը պատկանում էր Գյումրու Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանին,  այլևս գոյություն չունի: Այս մասին այսօր  հայտարարություն է տեղադրվել կայքի համանուն ֆեյսբուքյան էջում, որի բովանդակությունը ներկայացնում նենք ստորև.

 Գյումրու քաղաքապետարանը չի կարողացել գումար հայթայթել ( խոսքը տարեկան  100 դոլարի, կամ օրական 110 դրամի մասին է)  www.frunzik.com կայքի համար դոմեն գնելու և Ռուսաստանում հոսթինգի համար վճարելու համար: Եվ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Գյումրին ճանաչվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:  Շնորհակալ ենք մեր հայրենի  քաղաքապետարանին, շարունակեք ասֆալտապատել փողոցները: Միգուցե  քաղաք այցելած հյուրերի առաջ հպարտանալու բան կունենանք:  Այն  քաղաք, որը ճանաչված է աշխարհում հենց Մհեր Մկրտչյանի անունով:

Հայտարարությանը կից բերված է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կոչը` գյումրեցիներին:

ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Հայաստանում առաջին անգամ հենց մեր քաղաքին է պատիվ վերապահվել դառնալու ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր գյումրեցիներիս ու ողջ հայությանը: Մեզ հնարավորություն է ընձեռված համայն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու մեր պատմությունը, մշակույթն ու արժեքները: Այս մեծ գործում չափազանց կարևոր է մեզանից յուրաքանչյուրի անձնական նախաձեռնությունը:

Հարգելի՛ գյումրեցիներ, տարբեր երկրներից Գյումրի են այցելելու բազմաթիվ հյուրեր, մեր պարտքն է ավանդապաշտ գյումրեցուն վայել պատվով ու փառքով ընդունել նրանց: Հանուն քաղաքի բարօրության եկե՛ք ավելի սրտացավ  լինենք մեր քաղաքի նկատմամբ, մաքու՛ր պահենք մեր շրջապատը, մասնակցե՛նք կազմակերպվող միջոցառումներին, լինե՛նք օրինապաշտ քաղաքացիներ: Մենք այսօր ստեղծում ենք Գյումրու նոր կերպարը, որը հիմնվում է գյումրեցիների նկատմամբ վստահության վրա, իսկ գյումրեցու ջերմությունն ու հյուրասիրությունը խթան կլինի այլ քաղաքների հետ հարաբերությունների խորացման, զբոսաշրջության զարգացման, ձեռնարկատիրական կապերի հաստատման ու բարեփոխումների իրականացման համար: Չէ՞ որ Գյումրին մեր տունն է, իսկ մեր տունը մենք ենք շենացնելու:

 Գյումրու քաղաքապետ՝ Ս. Բալասանյան

ASEKOSE.am-ի թղթակիցը հայտարարության առնչությամբ մեկնաբանություն է խնդրել Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանից:

Ի պատասխան մեր հարցին` նա տեղեկացրեց,  որ թանգարանի տնօրինությունը նման հայտարարություն չի տարածել` հավելելով.

«Եթե լիներ այդպիսի խնդիր, թանգարանի տնօրինությունը կդիմեր քաղաքապետին, սակայն նման դիմում մենք չենք ստացել: Հայտարարություն տարածողն այլ անձ է, որը ոչ մի առնչություն չունի թանգարանի տնօրինության հետ»:

ASEKOSEam-ի թղթակիցը փորձել է կապ հաստատել նաև թանգարանի տնօրինության հետ, սակայն չի հաջողվել:

Ի դեպ` ավելի ուշ նշված ֆեյսբուքյան էջում գրառում է ավելացել` համաձայն որի Frunzik.com կայքն այլևս չի պատկանում թանգարանին:

Հիշեցնենք, կայքը այս պահին  չի գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more