▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ էին Վարդան Բադալյանին հեռացրել դպրոցից

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարդան Բադալյանը  ծնվել է 1984 դեկտեմբերի 21-ին`  ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում: Դեռ մանկուց  սիրել է երգել, մասնակցել է դպրոցական տարիներին  կազմակերպված  տարբեր միջոցառումների: Շրջագայություններով հադես է եկել աշխարհի տարբեր երկրներում, հայաշատ համայնքներում:  Շուտով  կթողարկի  հերթական ձայնասկավառակը:  

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրուցել է երգիչ Վարդան Բադալյանը:

-Ի՞նչ  հիշարժան դեպք կարող  է  հիշել  Վարդան  Բադալյանն  իր մանկության տարիներից: 

 -Դպրոցական տարիներին  մի  դեպք է եղել,  անկարգություն էինք արել, որի համար մեզ հեռացրին դպրոցից:  Պատերազմական տարիներն էին,  մենք էլ որոշեցինք,  որ վառարանի մեջ փամփուշտ պետք է գցենք.  դա է եղել ամենահիշարժան դեպքը:

-Կյանքը պայքար է,   հանուն ինչի՞  է  Ձեր  պայքարն այս կյանքում: 

-Երբ սկսում ես պատկերացնել, որ կյանքը պայքար է, դա արդեն էլ կյանք չի կարող համարվել: Ուղղակի կարելի է ասել`  արդարության համար կարելի է պայքարել, և ոչ միայն: 

-Ինչպե՞ս եք պայքարում  ձախողումների դեմ: 

- Ձախողումներ լինում են, բնականաբար, բայց աշխատում եմ թեթև տանել,  սնահավատ  չեմ: Իմ խորին համոզմամբ`  Աստված  մարդուն այնքան դժվարություն է տալիս,  որքան մարդը կարող է տանել այն:

-Որո՞նք են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում եք: 

- Առաջինը` երբեք չանել այն, ինչը դուր չի գալիս ինձ:  Չեմ սիրում, որ ինձ ստում են, և ես էլ երբեք ոչ ոքի չեմ ստում: Չեմ սիրում սուտն ու կեղծիքը: Եթե ինչ-որ բանի մեջ կեղծիք կա, դա վաղ թե ուշ երևալու է միանշանակ:

 -Զղջո՞ւմ եք չարածի համար:

 -Ո՛չ,  երբեք չեմ զղջացել. ինչի՞ համար,  եթե դա պետք է լիներ,  եղել է:  Կան մարդիկ, ովքեր ասում են`  ինչ լավ կլիներ, եթե հնարավոր լիներ ժամանակը ետ տալ`  որևէ բան անելու համար.  ոչ,  ես այդպիսի  մարդկանցից չեմ:

-Երբևէ արտասվել ե՞ք  որևէ բանիկամ որևէ մեկի համար: 

-Ես  շատ զգայուն մարդ եմ:  Հնարավոր է` անգամ հեռուստացույց դիտելիս  արտասվեմ`  ինչ-որ  մի դժբախտ դեպքի կամ հուզիչ տեսարանի  պատճառով:

-Ինչի՞ց  եք վախենում:

-Ամենաշատը պատերազմներից եմ վախենում:

-Համարձա՞կ մարդ եք: 

-Շատ համարձակ չեմ:  Ճակատագրական կարևոր պահերին կարողանում եմ հեշտ կողմնորոշվել: Հնարավոր է` դժվարություն  ունենամ, բայց երբեք ցույց չտամ:

-Ո՞րն  է  եղել  Ձեր  մասնագիտության  ընտրության դրդապատճառը: 

-Դեռ  մանկապարտեզ հաճախելու տարիներից  էլ ես երգել եմ, ու դա ինքնաբերաբար  է  ստացվել: Հայրս էլ է երգում,  երևի նրանից է փոխանցվել  այդ  տաղանդը:

- Եթե ոչ երգիչ, ապա ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք: 

-Երևի  էլի արվեստի բնագավառում, գուցե նկարիչ:  Նկարչի մասնագիտությունն  ինձ շատ դուր է գալիս:

 -Ի՞նչ  նպատակներ  և երազանքներ ունեք կյանքի ներկա փուլում: 

-Ավելի շատ նպատակներ ունեմ,  քան երազանքներ, որոնցից մեկը ժողովրդական երգերի ձայնասկավառակ ձայնագրելն է:

-Ունե՞ք  անձնական մեքենաև  երբևէ խախտում կատարե՞լ եք:

 -Այո, ունեմ:  Հաճախ  են լինում խախտումներ, որոնց վերաբերյալ նամակներ եմ ստանում:  Իհարկե, խախտումները ոչ միտումնավոր եմ կատարում: Աշխատում եմ չանել երբեք:

-Կա՞ արվեստի բնագավառում մեկը,  ով  Ձեզ  համար ուսուցիչ է համարվում: 

- Ունեցել եմ այսպես ասած երեք ուսուցիչներ, մեկը ուսումնարանից, մյուսը կոնսերվատորիայից,  մեկն էլ  երգի թատրոնից:  Ամեն մեկից մի բան սովորել եմ,  ու մինչև հիմա էլ սովորում եմ:

-Ո՞ւմ կամ ի՞նչն եք առավել հաճախ կարոտում: 

- Վերջին  մեկուկես  տարում  ամենաշատը  կարոտում  եմ  տղայիս, թեկուզ չտեսնեմ մեկ ժամ էլ, միևնույն է`  կարոտում եմ:  Եվ հաճախ եմ կարոտում  Շուշին,Գանձասարը:

-Հնարավո՞ր է արդյոք թողնեք բեմը: 

-Հայտնի խոսք կա,  որ երբեք մի ասա երբեք,  գուցե,  չեմ կարող ասել:

- Որտե՞ղ  է  հանդիսատեսն  ավելի  ջերմ` Հայաստանու՞մ, թե՞ Սփյուռքում 

-Երևի ավելի շատ Սփյուռքում, դա ավելի շատ կարոտից է:

-Ի՞նչ կցանկանաք  հայ  ժողովրդին: 

-Խաղաղություն եմ ցանկանում: Պապիկս մասնակցել է պատերազմին, ու միշտ ասում էր, որ ամենալավ հաղթանակը  խաղաղությունն է:

 Հարցազրույցը՝ Երվանդ Մարեյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more