▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ենք մենք այսօր վատ ապրում

Երբ 90-երի երեխաները մեզ հարցնում են, թե ինչու են իրենք ծանր պայմաններում մեծացել, մենք գոնե կարողանում ենք պատասխան գտնել`պատերազմ, տարբեր ուղղություններով շրջափակում, նոր անկախ պետության առաջին քայլեր: Իսկ երբ այսօր մեր մատաղ սերունդը /2000-երը/ մեզ հետևյալ հարցը տա`ինչո՞ւ ենք մենք այսօր վատ ապրում, չէ՞ որ հիմա ոչ պատերազմ կա, երրորդ հանրապետությունը արդեն 20 տարի է ինչ կա, ինչո՞ւ ենք մենք այսպիսի ճղճիմ վիճակում ապրում:

Հարգելի ընթերցողներ, չգիտեմ Դուք ինչպես, ես դժվարանում եմ այդ հարցին պատշաճ պատասխանել, դժվարանում եմ, քանի որ `

•Քանի որ չեմ կարող ասել` գիտեք ինչ, հիմա դժվար ժամանակներ են Հայաստանի համար և միայն դուք չեք այդ վիճակում ապրում, նայեք ձեր հասակակիցներին և կտեսնեք, որ նրանք էլ նույն վիճակում գտնվում: Չեմ կարող ասել, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես են իրենց կողքին ապրում մեծահարուստների երեխաները, տեսնում են, թե ինչպես են պետական չինովնիկների երեխաները արդեն նոթբուքերից զզված կես միլիոնանոց պլանշետներ փոխում, /իսկ իրենց ծնողները ինտերնետի գումար չեն կարողանում հայթայթել/, տեսնում են, թե ինչպիսի դղյակներում են ապրում, տեսնում են, թե ինչպիսի կրթություն են նրանք ստանում…

•Եթե 90-երին պետական չինովնիկների, համեմատական կայացածների ապրուստը այդքան չէր տարբերվում սովորական մարդկանց ապրուստից, ապա այսօրվա վերոհիշյալ կատեգորիայի և ժողովրդի մեջ հսկայական անջրպետ է գոյացել, և այս փաստը նույնպես դժվարացնում է պատասխան տալ այսօրվա սերնդին:

Գիտնականները ապացույցել են, որ աղքատ ապրելը երեխաների մոտ անընդհատ սթրեսներ է առաջացնում, որը առաջին հայացքից նկատելի չէ, իսկ թե ինչ կործանարար ազդեցություն դրանք ունեն երեխաների վրա, նույնիսկ խոսելու կարիք չկա: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վաղ մանկական հասակում երեխաների ապրած ուժեղ սթրեսները կարող են հանգեցնել բջիջների ժամանակից շուտ ծերացման:

Հարգելի իշխանություններ, հարիր չէ մեզ, որ 21-րդ դարի Հայաստանի երեխաների մեծամասնությունը գտնվում է ծայրահեղ աղքատ վիճակում, սա միայն սոցիալական հարթության խնդիր չէ, եթե մենք ավելի հեռատես լինենք, ապա կտեսնենք, որ այսօրվա առողջ երեխաները  մեր վաղվա հայաստանի միակ երաշխիքն են: Սակայն, ինպես կարող է երեխան լիարժեք առողջ լինել, եթե նա նույնիսկ նորմալ չի սնվում, իսկ այդպիսի երեխաները ցավոք սրտի, այսօր մի քանի անգամ ավելի շատ են, քան ապահոված երեխաները:

Հ.Գ. Եկեք վերջապես հասկանանք, որ մեր հայ երեխան չի կարող հոգեպես առողջ մեծանալ, եթե նա իր ծնողների օրինակով տեսնում է, որ մասնագետ լինելը բավական չէ նորմալ ապրելու համար, եթե նա տեսնում է, որ Հայաստանում շքեղության մեջ ապրողների մեծ մասը դրան հասել է անօրինական ճանապարհներով:

Կարեն Թումանյան

hartak.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more