▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Մոուրինյոն վստահեց Մխիթարյանին և հիասթափվեց նրա ելույթից

Հայ ֆուտբոլասերներն անհամբերությամբ էին սպասում, թե երբ է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն վերջապես վստահելու Հենրիխ Մխիթարյանին և նրան ընդգրկելու «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Դա տեղի ունեցավ ոչ ավել, ոչ պակաս առաջնության ամենասկզբունքային հանդիպումներից մեկում՝ մանչեսթերյան դերբիում: Այդուհանդերձ, Մխիթարյանը խաղաց 45 րոպե և փոխարինվեց ընդմիջումից անմիջապես հետո, իսկ «Կարմիր սատանաները» պարտություն կրեցին 1:2 հաշվով:

Առաջին պաշտոնական խաղը՝ մեկնարկային կազմում

Շատերի համար գուցե անսպասելի էր, որ Մխիթարյանը «քաղաքաբնակների» դեմ խաղը սկսեց առաջին րոպեներից: Բայց սա նորմալ որոշում է, եթե հաշվի առնենք, որ խոսքը Մոուրինյոյի թիմի մասին է: Այս մասնագետը բազմիցս է կարևորագույն հանդիպումներում իր թիմերի կազմում փոփոխություններ կատարել և փորձել անակնկալի բերել մրցակիցներին: Օրինակ՝ քչերն էին տրամաբանություն գտնում նրանում, որ թուրք Համիթ Ալթինթոփն ամբողջ մրցաշրջանում նստում էր Մադրիդի «Ռեալի» պահեստայինների նստարանին, բայց «Բարսելոնայի» դեմ սկզբունքային մրցավեճում խաղադաշտ էր դուրս գալիս առաջին րոպեներից:

Պորտուգալացի մարզիչը նախատեսել էր Գվարդիոլայի ղեկավարած թիմի դեմ խաղալ պաշտպանությունից և նրանց անակնկալի բերել հակագրոհների ժամանակ: Հետևաբար, ամենամեծ բեռն ընկած էր Մխիթարյանի, Ռունիի և Լինգարդի վրա, ովքեր առաջինը պետք է սկսեին թիմի պաշտպանական գործողությունները, իսկ գնդակը խլելու դեպքում ակնթարթորեն որոշում կայացնեին և հարվածային դիրք դուրս բերեին Իբրահիմովիչին: Հայաստանի հավաքականի ավագը պայքարելու մեծ ցանկությամբ էր դուրս եկել խաղադաշտ, բայց նրա գործողություններում արդյունավետությունը պակասում էր. գնդակի հաճախակի կորուստ, անհարկի սխալներ, շտապողականություն, ինչը «բիծ» էր թողնում նրա ելույթի վրա: Հետևաբար, Մոուրինյոն նախընտրեց ավելորդ ժամանակ չկորցնել և արդեն ընդմիջումից հետո թարմ ուժ մտցնել խաղադաշտ՝ ի դեմս Անդեր Էրերայի:

Մոուրինյոն և՛ ճիշտ է, և՛ անարդար

Մխիթարյանի մասնակցությունն այս խաղին ի սկզբանե մեծ հարցականի տակ էր, քանի որ բաց էր թողել Դանիա – Հայաստան հանդիպումը: Չսպասելով այդ մրցավեճին՝ նա չեխերից կրած պարտությունից անմիջապես հետո վերադարձել էր Մանչեսթեր: Հենրիխը ցանկանում էր անհապաղ սկսել վերականգնողական գործընթացը և պատրաստ լինել «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը: Մխիթարյանը, ով միշտ աչքի է ընկել նախանձելի աշխատասիրությամբ, կարողացավ համոզել Մոուրինյոյին, որ պատրաստ է արդեն առաջին րոպեներից օգնելու թիմին, թեև վերջինս կասկածամիտ էր այս հարցում: Նա միշտ էլ դրական կերպով էր խոսում Մխիթարյանի մասին և նրան անվանում բացառիկ ֆուտբոլիստ, բայց այդպես էլ չէր վստահում տեղ մեկնարկային կազմում: Մխիթարյանը հաշված րոպեներ էր անցկացրել «Յունայթեդի» մարզաշապիկով պաշտոնական խաղերում:

Մխիթարյանը վերջապես ստացավ իր հնարավորությունը, որն այդքան էլ լավ չօգտագործեց: Մոուրինյոն հայտարարեց, որ Հենրիխը մինչ այս գրեթե չէր մասնակցել այսպիսի կարևորության հանդիպումների, և դրա հետ պետք է կապել նրա ցուցադրած խաղը: Մարզչի հետ կարելի է համաձայնել, քանի որ մանչեսթերյան դերբին և առհասարակ անգլիական ֆուտբոլն էականորեն տարբերվում են մնացած բոլոր մրցաշարերից: Թեև Մխիթարյանն արդեն միջազգային մեծ փորձ էր կուտակել, սա նրա համար լիովին նոր աշխարհի բացահայտում էր:

Հ. Գ. Եվրոպայի լիգայի խաղարկության «Ֆեյենորդի» դեմ խաղին Մխիթարյանը չի մասնակցի, համենայն դեպս, այդպես է ասել Մոուրինյուն: Հայ ֆուտբոլիստին մնում է համբերատար լինել և փորձել համոզելու Մոուրինյոյին, որ վերջինս անարդար է վարվում իր հանդեպ: Հենրիխը պետք է պատրաստ լիներ այս ամենին. չէ՞ որ «Առանձնահատուկի» հետ աշխատելը «թթու թան չի, ամեն մարդու բան չի»…

Արման ԱԲԵԼՅԱՆ

 

Աղբյուր՝ ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more