▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Ռուսաստանը սկսեց չհանդուրժել ներգաղթյալներին

Վերջին օրերին անընդհատ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Ռուսաստանում ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարը նոր թափով է բռնկվել, ընդ որում՝ այս թեմայով ռեպորտաժներից ակնհայտ է դառնում, որ ձերբակալված կամ մեկուսացված ներգաղթյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրևսորվում:
Պաշտոնապես նշվում է, որ այս «օպերացիայի» պատճառը Ռուսաստանում էթնիկ հանցավոր խմբավորների ակտիվացումն է, սակայն հասկանալի է, որ միայն այդ պատճառով ՌԴ-ում նման մասշաբային քարոզչություն չէր իրականացվի` այդ թեմայի հետ կապված:
Ապօրինի ներգաղթյալների դեմ այս միջոցառումների իրականացումը անկախ Ռուսաստանի պատմության մեջ եզակի դեպք չէ, հատկապես վերջին տասնամյակների ընթացքում, տարբեր փուլերով ականատես ենք եղել նման դրսևորումների: Դրանք հատկապես դրսևորվում են երկու դեպքում:

Առաջին, երբ ՌԴ-ում ընտրական գործընթացներ են (կարևոր չէ ինչ մասշտաբի), իսկ «նացիոնալիստ ընտրողների» մոտ այս կերպ բավականի հեշտ է համակրանք ստեղծել: Երկրորդ, մեկ անգամ չէ, որ ՌԴ-ն ԱՊՀ երկրների հետ հարաբերություններում, որպես ճնշման գործիք, օգտագործել է իր երկրում ապրող ապօրինի ներգաղթյալների նկատմամբ տարաբնույթ սանկցիաները (ի դեպ, ներկայումս, առավել քան երբևէ, ՌԴ-ն ներգաղթյալների կարիք ունի, մանավանդ, երկրի հյուսիսային շրջաններում էժան աշխատուժի խիստ կարիք է զգացվում):
Եվրամիության՝ նախկին ԽՍՀՄ պետությունների հետ հարաբերությունների ակտիվացումը օբյեկտիվորեն նյարդայնացնում է Ռուսաստանին: Անկախության առաջին իսկ օրվանից, ՌԴ-ն ամեն կերպ փորձել է իր ազդեցությունը պահպանել նախկին ԽՍՀՄ երկրներում, սակայն այսօր ունենք իրավիճակ, երբ այդ երկրներից 3-ը՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, ԵՄ անդամ են, իսկ 6 երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ակտիվ շփումների մեջ են:
Ստեղծված իրավիճակում, օբյեկտիվ հիմքեր կան կարծելու, որ ՌԴ-ն՝ այս երկրներին իր ազդեցության գոտում պահելու, իսկ որոշ երկրների մտադրությունները զսպելու համար` որպես «մահակ», օգտագործում է իր երկրում բնակություն հաստատած նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներին: Ռուսական գազն ու ներգաղթյալների գործոնն այն երկու հիմնական «մահակներն» են, որոնք տարբեր իրավիճակներին ՌԴ-ի կողմից գործածվում են:
Եթե իսկապես, ՌԴ-ն ապօրինի ներգաղթյալների ու առհասարակ, ներգաղթյալների նկատմամբ նման կոշտ քայլերի է գնում նախկին ԽՍՀՄ երկրների ու ԵՄ-ի հետ ակտիվ համագործակցությանը խոչընդոտելու և դեպի մաքսային միություն «ճանապարհը ցույց տալու համար», ապա իրավիճակն առավել բարդ ու խճճված բնույթ է ստանում:

Թե զարգացումներն ինչպիսի հուն կտեղափոխվեն՝ ցույց կտա ժամանակը, սակայն եթե, ի վերջո, պարզվի, որ ապօրինի ներգաղթյալներին նման ցուցադրական կերպով պատժելու պատճառը ԵՄ-ի ազդեցության զսպումն է, ապա չի բացառվում, որ դա հակառակ ազդեցություն կունենա՝ նոր լիցք հաղորդելով նախկին խորհրդային միության երկրների եվրաինտեգրման պրոցեսին:
 

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more