▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի՞ն է լինելու 2014 թվականը կամ աստղերը «հուշում» են շարքից


Մայաների քաղաքակրթության կողմից ժառանգված և 2013թ. հայտնաբերված սեպագիր արձանագրության վերծանության արդյունքում սենսացիոն բացահայտում կատարվեց: Պարզվում է, որ հին մայաների ուշադրությունից զերծ չի մնացել նաև հայկական թեմատիկան, որի հետ կապված էլ հետևյալ կանխատեսումներն են արվել.

1. 2014թ. երկար դեգերումներից Հայաստանը կհայտնվի նոր ձևավորված «ՄԱՔՍ»-իմուս» համաստեղության  «բարերար» ազդեցության ներքո, որի արդյունքում «ԱՍՈՑԱՑԻԿՈՒՍ» համաստեղության կողմից հովանավորվողները կկանգնեն իրենց ինքնության արդիականացման խնդրի առջև:


2. «ՄԱՔՍ»-իմուս» համաստեղության հովանու ներքո գտնվելու շնորհիվ հայերը կամ արմենոսները կունենան առաքյալի սիրտ, իմաստասերի գլուխ և բանասերի լեզու ունեցող Ազգային ժողով, անձնուրաց և սակավապետի կյանքով ապրող իշխանավորներ (ըստ արձանագրության՝ համայնքապետեր), հարստությունը ժողովրդին ժառանգած և ճգնավոր դարձած նախկին օլիգարխներ:

3. Վիրտուալ հարթակում (մայաները նկատի ունեն ֆեյսբուքը) ինֆորմացիոն աղմուկին և վերբալ պատերազմին փոխարինման կգա քրիստոնեական սիրո վրա խարսխված հաճոյախոսությունների մշակույթը, որի շնորհիվ յուրաքանչյուր տարին կամփոփվի «Լավագույն ընդդիմասեր իշխանավոր» և «Լավագույն իշխանասեր ընդդիմադիր» անվանակարգերում հաղթողների անունների հրապարակմամբ: Խիզախությունը կդադարի լինել ֆեյսբուքյան կատեգորիա:

Սոսկ ֆեյսբուքյան  «գլադիատորներ» այլևս չեն լինի, առնականությունը ֆեյսբուքի տիրույթում այլևս չեն փնտրի: 

4. Տեղի կունենա արժեքների փոփոխություն: Այլևս նորաձև չեն համարվի արտագաղթ, բյուջեի դեֆիցիտ, ինֆլյացիա, գնաճ, ատկատ, տրանսֆերահույս ժողովուրդ, խոպան, կաշառակերություն կոչվող  «արժեքները» և այլն: 

5. Ցրտաշունչ ձմեռներից վախը կդառնա անցյալի իրողություն, քանի որ Հյուսիսից եկող տաք հոսանքները  «կբարձրացնեն» գազի կալորիականությունը և «կիջեցնեն» սակագինը: Բացի այդ, աշխարհի քաղաքական քարտեզի շտկումից հետո Հայաստանը կօգտվի գազի ու նավթի սեփական պաշարներից: 

6. Դիպլոմասիրությունը կփոխարինվի գիտելիքասիրությամբ, դրամասիրությունը՝ պատվասիրությամբ, իշխանասիրությունը՝ ժողովրդասիրությամբ, վերբալիզմը՝ աշխատասիրությամբ: Իշխանության համար պայքարը կընթանա ոչ թե սոսկ ձայնալարերով, այլ՝ աստվածատուր բանականության օգնությամբ: 

Հ.Գ. Հուսանք, որ 2014թ. նշված կետերից որոշները կյանքի կոչելու կամքը կձևավորենք, քանզի կարևորը ոչ միայն և գուցե թե ոչ այնքան արդյունքն է, որքան արդյունքին հասնելու կամքն ու վճռականությունը:

Արմեն Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more