▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավաբանների համաժողովն ու Հայաստանի Հանրապետության կորցրած տարածքների պահանջը

 

«Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությանը՞, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները եւ այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:

Այս խոսքերը պատկանում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատարների շարքին դասվող անձնավորություն է եւ իր հայտարարությունները, որքան Էլ «իր խոր համոզումը» լինեն, չեն կարող միայն իրեն պատկանած լինել։

Գլխավոր դատախազի հայտարարության այս, գուցե աննախադեպ բաժինը ամփոփվում է  հետեւյալ կետերում.

Համահայկական պահանջատիրությունը ունի գերակա երեք ուղղություն: Առաջինը անշուշտ ցեղասպանության զոհերի ժառանգորդների ստանալիք նյութական փոխհատուցումը, երկրորդը` եկեղեցիների, վանքերի, եկեղեցապատկան հողերի ու կալվածքների պահանջը, իսկ երրորդը` տարածքների խնդիրը:

Պարզ է ուղերձը. առաջին ուղղության վերաբերյալ եղել են անհատական, որոշակի առումով հավաքական (ապահովագրական ընկերությունների դեմ հարուցված) դատեր: Խնդիրը, սակայն, միջազգային ընտանիքի կողմից Ցեղասպանության ճանաչմամբ ամրագրվող նյութական փոխհատուցումների մասին է առավելաբար այստեղ: Երկու վեհափառներն արդեն եկեղեցիների հարցով պահանջատիրական հայտարարությամբ ճշտորոշել են իրենց պահանջատիրական ուղղությունը: Հիմնականը այս դեպքում, այն է, որ առաջին անգամ է, որ նման շեշտադրմամբ է բարձրաձայնվում տարածքային կամ հողային պահանջատիրությունը: Բառերը հստակ են. փոխհատուցում ստացող «սուբյեկտների ճշտման» առաջադրանքն է, որ արծարծում է պետական այրը: Տարածքայինի դեպքում Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի ստանա Ցեղասպանությամբ իր կորցրած տարածքները:

Այստեղ այդ տարածքների ճշտման եւ սահմանագծման խնդիրների մեջ այս հանգրվանին մտնելը այնքան կարեւոր չի թվում, որքան ըստ միջազգային օրենքի պահանջող կամ հատուցում ստացող սուբյեկտի հանգամանքի ճշտումը: Եւ, եթե զոհերի ժառանգորդների համար փոխհատուցում բառակապակցությունը տեղին է, ապա խնդրահարույց կարող է լինել տարածքայինի դեպքում փոխհատուցումը: Առնվազն հատուցում բառեզրը պետք է օգտագործել, եթե ոչ վերականգնումը: Պարզ այն տրամաբանությամբ, որ զոհի իրաւաժառանգորդը կարող է նյութական փոխհատուցում ստանալ, բայց Հայաստանի Հանրապետությունը տարածքային փոխհատուցում չի կարող ստանալ, եթե  Ցեղասպանությամբ կորսված տարածքների փոխարեն այլ տարածքներ ստանալու մասին չէ խոսքը:

Էականը ուրիշ բան է սակայն: Կարեւորը այն է, որ այլեւս Հայաստանի պաշտոնական անձնավորություններից եւ պաշտոնական առիթներից լսում ենք տարածքային պահանջատիրության, կորսված իրավունքների հատուցման առաջադրանքներ, որոնք մի քայլ անդին են ընդհանուր բանաձեւերից` պատմական բոլոր իրավունքների վերականգնումը կամ Ցեղասպանության հետեւանքներու վերացումը:

Չի բացառվում, որ տարածաշրջանային քաղաքական պայմանները, Թուրքիայի պարզած ներքին իրավիճակը կամ ռուս-թուրք հարաբերությունների ելեւէջները իրենց ազդեցությունը ունեցած լինեն նման բարձրաձայնումների վրա: Կամ ընդհանուր առմամբ շարժիչ գործոնի դեր կատարած լինեն: Կարեւորը ուղենիշերի հետզհետե հստակացումն է Երեւանի կողմից:

Գլխավոր դատախազը նաեւ այս բոլորը պայմանավորում էր պահանջատիրության անթերի իրավական հիմնավորումներով, որ ուրիշ բան չէ, եթե ոչ հատուցման իրավական թղթածրարի պատրաստության հրամայականը:

Սփյուռքի նախարարության կողմից իրավաբանների մասնագիտական համաժողովի ողջունելի ձեռնարկումը թվում է, որ գերակա այս ուղղությունների ծառայեցնելու համար է: Բոլոր նախադրյալները հուշում են, որ Երեւանը պահանջատիրության համահայկականացման առաջին քայլերն է առնում։ Եւ պատճառ չունենք չենթադրելու, որ փոխհատուցման պահանջների եւ տարածքային պահանջատիրության իրավականացման անհրաժեշտությունը միայն գլխավոր դատախազի խոր համոզումը չէ: Այլեւ ամբողջ պետությանը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more