▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավապահները գործի են անցել եւ «նստել» Գագիկ Ծառուկյանի թիմակիցների «պոչին». «Ժողովուրդ»

Փետրվարի 12-ի՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից 6 օր անց, ԲՀԿ-ի դեմ սկսված հետապնդումները չեն դադարում:

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության արդյունքում իրավապահները գործի են անցել եւ «նստել» Գագիկ Ծառուկյանի թիմակիցների «պոչին»:

Իրավապահներն առաջին օպերացիան իրականացրին ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում, որից հետո հարցաքննեցին նրա որդուն` Արթուր Մանուկյանին, ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի կասկածանքով: Ցանկանում են կոտրել նրա գլխին, ու թերեւս դրա համար էլ ոստիկանությունում կայացած հարցաքննությունից հետո Արթուր Մանուկյանը հեռացավ Հայաստանից: Այնուհետեւ Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի մեքենան տուգանային հրապարակ տեղափոխվեց, Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտների թիկնազորը «բեռնաթափվեց»:

Պատգամավորի հյուրանոցն ու մարմնավաճառները

Եվ այսպես, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ փետրվարի 16-ին՝ ժամը 23.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի եւ Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին էին հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառների` 32-ամյա Մարինեին, 41-ամյա Նաիրային, 37-ամյա Հայկուհուն եւ 32-ամյա Սիրանուշին: Նշված հյուրանոցային համալիրը պատկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր՝ եթե իշխանությունները ցանկանում էին իրեն ճնշել, ապա ինչ կապ ունեն այդ ամենի հետ իր համալիրի այցելուները: Ուստի այս իրավիճակում տեղին է հիշեցնել պատգամավորին հայտնի խոսքը՝ եթե կա մաճառ, էլ ինչ պատճառ: Ինչեւէ, պատգամավորի հյուրանոցի գործով կատարվում է հետաքննություն: 

Երեկ՝ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները շրջափակել եւ մտել էին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տուն, խուզարկություն անցկացրել եւ պահանջել Գասպարյանից, որ որդին՝ Ռոման Գասպարյանը,  ներկայանա Երեւանի քննչական վարչություն: Կներկայանա արդյո՞ք պատգամավորի որդին ՀՀ քննչական կոմիտե, Ռուստամ Գասպարյանը պատասխանել էր. «Տղայիցս ձե՞ռ եմ քաշել, որ թողնեմ, գնա»:

 Բանը հասավ կառույցների ղեկավարներին

Փետրվարի 16-ին՝ ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Գյուրջյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, ապօրինի զենք կրելու եւ պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման էին ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Մամոյանին, որի գոտկատեղից հայտնաբերվել եւ առգրավվել էր «ՍՍՌ ՊԵՌ.ՕՊՈՒԺ.ԷԱԲ ՎՏՈՒԼ 1925» գրառումով ատրճանակ, որի մեջ եղել է 1 փամփուշտ՝ «38» «Ա» գրառումով: Իսկ, ահա, Արթուր Մամոյանը պատահական մարդ չէ, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավարը: Արթուր Մամոյանի մոտ հայտնաբերված զենքը ուղարկվել է  փորձաքննության: Կատարվում է քննություն:

Բաժին բերման էին ենթարկվել նաեւ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ԲՀԿ-ական մի քանի ակտիվիստներ:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more