▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները վրե՞ժ են լուծում Հրանտ Թոխատյանից․ իսկ ի՞նչ կանեին, եթե նրա փոխարեն Գնել Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը կամ Հովհաննես Ազոյանը լինեին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը վերադարձվել է Երևանին։ 

Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող «Կանազ» մշակութային կենտրոնը 7 տարի առաջ՝ 2017 թվականի հոկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ 10 տարի ժամկետով վարձակալության էր հանձնվել դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին։ Նա նախագիծ էր կազմել, հովանավոր` ներդրող էր գտել եւ անգամ որոշ գումար էր ծախսել այդ ծրագրի իրականացման ուղղությամբ: Հիշեցնենք նաեւ, որ սիրված դերասանը վերջին ամիսներին գտնվում է ԱՄՆ-ում` բուժման նպատակով:

Ստացվում է, որ քաղաքային իշխանությունը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, չեն սպասել, որ պայմանագրի գործողության 10 տարի ժամկետը լրանա և ժամանակից շուտ շենքը հետ են վերցրել վարձակալից: 

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ այո` շենքը 2017 թվականին 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրվել էր «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին. «Այդ հիմնադրամը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, որից ելնելով համայնքը հանդես է եկել նախաձեռնությամբ և այդ պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմքով դիմել է դատարան։ Դատարանն այդ հայցն օրինական է ճանաչել և «Կանազ» մշակութային կենտրոնը վերադարձրել է Երևան համայնքին։ Հիմքում պայմանագրային պարտավորությունները չկատարելն է»:

Ի՞նչ ասել է պարտավորությունները չկատարել` եթե պայմանագրի ժամկետը դեռ չի լրացել` գուցե առաջիկա 3 տարում էին կատարվելու ներդրումները, Կոստանյանը նշեց. «Անցնող տարիների ընթացքում ոչինչ չեն արել…. ներդրումային պարտավորություններ ունեին, որը փաստացի չեն իրականացրել»:

Ինչեւէ` «Կանազը» արդեն համայնքի սեփականությունն է և համայնքն է այն տնօրինելու: Մնում է պարզել, թե ինչու իշխանությունը եւ նույն քաղաքապետարանը նույնքան խստապահանջ չեն մյուս պայմանագրերի կատարման հարցում` Երեւանով մեկ հազարավոր շենք-շինություններ կան, որոնց տերերը չեն իրականացնում պայմանագրային պահանջները: Եւ հենց քաղաքապետարանից մի քանի մետրի վրա կան կիսատ շինություններ, չսկսված շինարարություններ, բազմաթիվ խոստումներ, որոնք չեն կատարվել, ինչպես օրինակ` «Սեւան» հյուրանոցի հատվածում, Մանկական զբոսայգում, Մաշտոցի պուրակին հարակից շենքերը, եւ այլն, եւ այլն:

Հ․Գ․- Պարզ է, որ «Կանազը» իշխանությունները հիշել են բացառապես մեկ պատճառով` նրա վարձակալը` Հրանտ Թոխատյանը հստակ ընդդիմադիր հայացքներ ունի, որոշել են այդ հայացքների համար պատժել` պայմանագիրը դեռ չլրացած շենքը ձեռքից վերցնել: Եթե նրա փոխարեն լիներ իշխանական Գնել Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը կամ Հովհաննես Ազոյանը, բնականաբար, այս «սրտացավությունը» չէր լինի:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more