Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոչ ոքի իրավունք տրված չի Հայկական ֆուտբոլը հասցնել այս աղետալի վիճակին, բերել անհիմն պատճառներ ձախողումների համար, շարունակել կառավարել և հայտնել, որ շարունակելու է կառավարումը, քանի որ իրենց հրաժարականը չեն պահանջում ՀԿ-ները, որոնց մի զգալի մասին ձայնի իրավունք են տվել հենց ներկայիս ղեկավարները:
Հայկական ֆուտբոլը ձեր և մի քանի ՀԿ-ներինը չէ։
Պատասխան պիտի տաք նախ ինքներդ ձեր, ապա ոլորտի պրոֆեսիոնալների, իրական նվիրյալների, հավաքականի, դրոշի ու զինանշանի համար խաղադաշտում և դրանից դուրս «կռված» մարդկանց, երկրպագուների և ֆուտբոլասերների առաջ:
Իրեն նվիրյալ համարող անձնավորությունը կործանում է Հայկական ֆուտբոլը:
Ռուս-ուկրաինական պատերազմը խանգարեց մեր հավաքականներին` չխանգարելով Ուկրաինայի հավաքականին:
Հարյուրից ավելի կառուցված մարզադաշտեր, սակայն հարյուրակի մեջ չմտնող Ազգային հավաքական: Կորոնավիրուսը շրջանցեց ֆուտզալի հավաքականին՝ չշրջանցելով մեր մնացած հավաքականներին:
ՀՖՖ-ն խոստովանեց, որ իր նպատակը եղել է խոշոր հաշվով չպարտվելը:
Դուք խոստովանել եք, որ ձախողել եք, ժամանակն է, որ պատասխան տաք ձեր ձախողումների համար, ժամանակն է թողնեք այն աթոռները, որոնցից այդքան ջանասիրաբար կառչել եք։
Մարդ, որը չի գիտակցում, որ սա աթոռակռիվ չէ, այլ Հայկական ֆուտբոլի և ապագայի պայքար»:
|