▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգությանը» քիչ ժամանակ է մնացել ավագանու ընտրություններին պատշաճ մոտեցում ցուցաբերելու գործում

«Ժառանգություն» կուսակցությունում համարում են, որ Երևանի ավագանու ընտրությունների թեման հրապարակ է մտցվում ոչ այնքան այն պատճառով, որ քաղաքապետի ընտրություններն են մոտենում, որքան, որպեսզի ճգնաժամի թեման փոխվի: Ավելին՝ համարում են, որ ավելի կարևոր խնդիրներ կան:
Համամիտ լինելով այն հարցում, որ, որպես կանոն, ՏԻՄ ընտրություններն իրենց ինտրիգներով ու կարևորությամբ զիջում են նախագահական ընտրություններին, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ ավագանու ընտրությունների համընկնումը նախագահական ընտրությունների հետընտրական փուլին, առաջին հերթին, շատ համահունչ է հենց «Ժառանգության» շահերին:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընտրությունների չմասնակցած ուժերի գրեթե ողջ ընտրազանգվածը նախագահական ընտրություններին ընդառաջ ու որոշակի առումով նաև հետընտրական փուլում համախմբվել է Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ (այդ զանգվածը միաժամանակ հիասթափված է և՛ իշխանություններից և այն ուժերից, ում ժամանակին ձայն է տվել, սակայն դրանք նախագահական ընտրություններին չմասնակցեցին), ինչը Ր. Հովհաննիսյանին հնարավորություն է տալիս, ոչ միայն հետընտրական ակտիվ փուլն օգտագործել նոր ընդդիմադիր բևեռ ձևավորելու ու այդ բևեռը առաջնորդելու հարցում, այլև ավագանու ընտրություններին ակտիվ դերակատարություն ունենալու ու լուրջ հաջողություն գրանցելու հարցում:
Ավագանու ընտրությունները Ր. Հովհաննիսյանի համար նաև կարևոր են այն առումով, որ հասարակությունը իրենից նոր ասելիք է ակնկալում, պայքարի նոր ճակատ, իսկ այս ընտրությունները նրան հնարավորություն կտան հասարակության պահանջն այս մասով ևս բավարարելու հարցում:
Եվ առհասարակ, չարժե թերագնահատել ավագանու ընտրությունները, մանավանդ, որ մայրաքաղաքի քաղաքապետ լինելը կամ ավագանում լուրջ տեղեր ունենալը բավականին մեծ լծակներ է ենթադրում:
Ինչ վերաբերվում է ավագանու ընտրություններով հետընտրական զարգացումների փուլը քողարկելու թեզին, ապա հաշվի առնելով այն փաստը, որ ավագանու ընտրություններին ուղիղ 2 ամիս ժամանակ է մնացել, իսկ ԿԸՀ-ի հաստատած ժամանակացույցի համաձայն, ընտրական ցուցակների առաջադրման ժամկետն սկսվում է մարտի 11-ին և ավարտվում մարտի 21-ին, ապա այդ մոտեցումը, կարծես թե, արդարացված չէ: Ավելին՝ «Ժառանգությանը» քիչ ժամանակ է մնացել ավագանու ընտրությունների պատշաճ մոտեցում ցուցաբերելու ու պայքարը նաև այդ ճակատում շարունակելու գործում:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more