Մինչ քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում են «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Թևան Պողոսյանի` մանդատից հրաժարվելու և նրաn փոխարինողի հավանական թեկնածությունները, հայտնի դարձավ, որ նույն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով վերջերս է ստանձնել խմբակցության ղեկավարումը, հինգ ամսով մեկնելու է ԱՄՆ` սովորելու:
Այս ողջ պատմության մեջ երկու կարևոր հանգամանք կա, որի շուրջ կարելի է դիտարկումներ անել: Առաջին, ով է փոխարինելու Թևան Պողոսյանին. սա կարևոր է նրանով, որ խորհրդարանական ընտրություններից առաջ նույն ցուցակով պայքարի դուրս եկած «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ճանապարհները բաժանվեցին, իսկ նրանց համատեղ ցուցակի հաջորդ համարը, ով պետք է փոխարինի Թ. Պողոսյանին` «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչն է:
Սա նշանակում է, որ եթե իրադարձություններն այս ուղով ընթանան, ապա խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցությունում կմնա 2 պատգամավոր` Ռուբեն Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ազատ դեմոկրատները» ներկայացված կլինեն երեք պատգամավորներով` Խաչատուր Քոքոբելյան, Ալեքսանդր Արզումանյան և Մասիս Այվազյան:
Ընդ որում` մեկ կարևոր հանգամանք ևս. չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքն ու այն խորհրդավոր ներկուսակցական զարգացումները, որոնց արդյունքում Ռուբիկ Հակոբյանը հրաժարվեց խմբակցության ղեկավարի պաշտոնից: Չի բացառվում, որ ինչ-որ փուլում նա ևս խորհրդարանում հանդես գա որպես անկախ պատգամավոր:
Երկրորդ կարևոր հանգամանքը Զարուհի Փոստանջյանի` քաղաքական առումով այս կարևոր փուլում (ստեղծված իրավիճակի կարևորության մասին, վերջին շրջանում, առավել հաճախ բարձրաձայնում են ոչ իշխանական ուժերը), ԱՄՆ մեկնելն է: Այն, որ պատգամավորն անընդհատ հնարավորություն է փնտրում` հարստացնելու իր գիտելիքները, կարևոր է, մանավանդ, գործող խորհրդարանի ֆոնին, որտեղ կրթության ու կուլտուրայի պակասն ընդգծված է, սակայն թե որքանո՞վ է նպատակահարմար դա անել մի փուլում, երբ «Ժառանգությունը», բառի բուն իմաստով, ծանր օրեր է ապրում, անհասկանալի է:
Որքան էլ «Ժառանգությունում» պնդեն, թե իրենք պատրաստ են նույնիսկ մեկ պատգամավորով մինչև վերջ պայքարել, հասկանալի է, որ դա առավելապես զգացմունքային հայտարարություններ են: Ռուբեն Հակոբյանը որոշակի ինտրիգների արդյունքում (պատճառներն այդպես էլ անհայտ մնացին) է հրաժեշտ տվել խմբակցության ղեկավարի պաշտոնին ու դժվար է ակնկալել, որ նա նորից կհամաձայնվի ստանձնել այն:
Ի դեպ, այս ամենը տեղի է ունենում կուսակցության ղեկավարի` Րաֆֆի Հովհաննիսյանի, երկարատև բացակայության ֆոնին, ով նախորդ տարի այս ժամանակաշրջանում ակտիվորեն նախապատրաստվում էր քաղաքական ճակատամարտի` նախագահական ընտրություններին` մինչև վերջն գնալու հաստատակամությամբ:
Սակայն իրադարձությունների բերումով, խրոխտ կարգախոսներից ուղիղ մեկ տարի հետո «պայքարի առաջնագծում» գտնվող քաղաքական ուժը դժվար օրեր է ապրում, իսկ ստեղծված իրավիճակում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը 5 ամսով մեկնում է ԱՄՆ, կուսակցության հիմնադիր առաջնորդը ԱՄՆ կատարած ոչ կարճաժամկետ ուղևորությունից նոր է վերադարձել Հայաստան, իսկ առաջիկա անելիքների մասին Ր. Հովհաննիսյանը հայտարարություններ է հնչեցնում բացառապես համախոհների շուրթերով:
Այսօր, բառացիորեն, խաղատախտակին «Ժառանգության»` որպես քաղաքական ուժի լինել-չլինելու հարցն է, քանզի նախագահական ընտրությունների հետընտրական պայքարում կուսակցության արձանագրած ֆիասկոյից հետո կուսակցությունը ոչ միայն ուշքի չի գալիս, այլև եղած խնդիրները խորանում են` ճգնաժամի սպառնալիք ստեղծելով «Ժառանգության» համար:
«Ժառանգությունը»` ճգնաժամի սպառնալիքի տակ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


