▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջուլիկն ու Խաչիկը

Վայթե 1993-ին էր. մի ծանր, ցուրտ օր Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտ 10 պաշտոնյաների ուղեկցությամբ եկել էր Գյումրի քաղաք, կանաչ դոմիկներում ծվարած քաղաքապետարանում հանդիպում էր քաղաքապետ Ադամյան Լյովայի ու ենթակաների հետ, դժվար տարի էր, խոսակցությունը` նույնպես բարդ, մեկ էլ` դրսից ղալմաղալի ձեն առա (լուսաբանելու էի գնացել, ներսում էի): 

Տեքստիլի թաղում մի բայեւիկ Ջուլիկ տոտա ունեինք, ինչ պաշտոնյա բռնում էր` տեսողությունը մթագնում էր, ուղիղ գծով ու ջարդուխուրդ անելով ամեն ինչ, փղի պես ոտնատակ տալով, հարձակվում էր վրեն, ոչինչ չէր տեսնում ճամփին, ոչ ոք եւ ոչինչ չէր կարող կասեցնել էս կնգան, կլիներ մի 130 կիլո, բոլորը խուսափում ու զգուշանում էին էս կնոջը ռաստ գալ: ՈՒրեմն Ջուլիկ տոտաս իմացել էր, որ պաշտոնյաներ են եկել քաղաք, որոշել էր գալ` բացատրել ինչը որից հետո էր, ղժղժալով թեւերը թափահարելով օդում, ապտակներ հասցնելով երեւակայական թշնամիներին Ջուլիկ տոտաս, պարզվեց, Նժդեհի փողոցով տեքստիլի մայլից ահագին ճամփա էր կտրել, իջել հասել էր հիմիկվա դատարանի տարածքում գտնվող երկհարկանի տնակային քաղաքապետարան, հսկիչներին մի հարվածով պատերով սվաղել, տղամարդավայել հայհոյանքներով բոլորին նշխելով, ճռճռան սանդուղքներով վեր էր ելել, ու քննարկման սրահի դռանը չհասած ռաստ էր եկել մի կլոր, միրուքավոր մարդու, էս մարդը սկսել էր դիմադրել Ջուլիկ տոտայիս, թե` ժողով է, տիկին, մի խանգարեք, չի կարելի ... , Ջուլիկս զգացել էր, որ գտել է իր երազանքների նապաստակին...: Ես դուրս թռա դահլիճից հենց էն մոմենտին, որ Ջուլիկ տոտան բռնել էր սրա միրուքից եւ գլխից ու պատեպատ է տալիս անխնա, միջանցքն էլ նեղլիկ էր, բարեբախաբար պատերը` տախտակ, խոստովանեմ` անմարդկային եւ քստմնելի տեսարան էր: Հասցրել էր չանկռտել դեմքը տարաբախտի: Իմ խասիաթին համաձայն, խցկվեցի արանքները, թե.- Ջուլիկ տոտա, վերջացու, ամոթ է,-փորձելով փրկել էդ մարդուն: Ջուլիկը գիտեր ինձ, բայց շարունակում էր խոշտանգումը,-թողեք էս ըդոր բդի սբանեմ, օճլո~տ անասուն, օճլոո~~ոոտ,-ոռնում էր շարունակ,-արուններս ծծեցիր` կերար, օջլոտի մեկը,- ... երեւի մի 10 րոպե տեւեց չարչարանքը, ինձ էլի մարդիկ միացան, պոկեցեինք արյունլվիկ դեմքով մարդուն Ջուլիկ տոտայի ձեռից, մեկ էլ նայեմ` վո՞վ է` Խաչիկը Ստամբոլցյան: Ջուլիկին մի կերպ տարան, բայց երեւի հանդարտվեց եղունգների տակ արյուն տեսնելուց հետո: Մինչեւ հիմա լրջորեն հավատում եմ, որ, եթե նախագահին հիշեցնենք էդ օրն ու ղալմաղալը, պիտի որ մտաբերի: Շենքից ելնելիս Տեր-Պետրոսյանը համարյա գրկել էր Խաչիկին, մինչեւ ապահով հասցրեց ավտոմեքենային` կողքուբոլորից թիկնապահներ կային, որ Ջուլիկի ահից Խաչիկին էին պատսպարում: 
.... 

Դրանից հետո 2 տարի անց, երբ կառավարության լիազորը Շիրակի տարածաշրջանում (դեռ մարզեր չկային) Քոչարյան Անդրանիկն էր, ու տեղակալներից մեկը Արշակյան Անդրանիկը, ականատես եմ եղել, թե ինչպես Ջուլիկը թափով մտավ Քոչարյան Անդրանիկի ընդունարան, ու սկսեց համարյա պատեպատ տալ ճամփեն փակած Արշակայանին, ցեմենտ էր ուզում, թե գաջ` չեմ հիշում, բայց խոստացավ, որ սպանելու է, եթե չտվեցին, Արշակյանը մի պարկ էր, թե երկու հրամայեց տալ Ջուլիկ տոտային, Ջուլիկ տոտաս հանդարտվեց, գնաց ...


Լևոն Բարսեղյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more