▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա իշխանությունների կեղծ պնդումը, թե «Թուրքիան հզոր պետություն է», հետևաբար, «անհրաժեշտ է զիջել»

Հայաստանում և հայկական աշխարհում հայ պարտվողական մտքի կողմնակիցները, որոնց ներկայացուցիչն են ներկայիս դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները, մշտապես, իսկ 2020 թ. կապիտուլիացիայից հետո առավել մեծ ծավալներով ու հետևողականությամբ տարածում են այն կեղծ պնդումը, որ «Թուրքիան հզոր պետություն է և անհաղթելի», հետևաբար, «անհրաժեշտ է զիջել, կատարել նրա բոլոր պայմանները և այդժամ կունենանք հանգիստ կյանք»։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Այս պնդումը ոչ միայն սխալ է այն պատճառով, որ հակասում է քաղաքական ու աշխարհքաղաքական պարզագույն իրողություններին (այն, որ պետությունները զիջելով ոչ թե հաղթում են, այլ աստիճանաբար փոքրանում ու վերանում, անհերքելի է), այլ նաև այն պարզ պատճառով, որ Թուրքիան թեև իսկապես կայացած ու մեծ հնարավորություններ ունեցող պետություն է, բայց ամենևին էլ ամենազոր չէ։ Եվ դրան դիմադրելու, ավելին՝ դրա հանդեպ պարբերաբար հաղթանակներ գրանցելու համար էլ կան հնարավորություններ։ Դիմադրության ցանկացած դրսևորում կամ դրա տեսական հնարավորություն մեր թշնամի Թուրքիայի կողմից արդեն իսկ դիտարկվում է խնդիր, քանի որ գրագետ դիմադրությունը միանգամից կոտրում է վերջինիս ամենազորության պատրանքը։ Վառ վկայությունը 2020-ից հետո Հայաստանում բողոքի նույնիսկ փոքրաթիվ ակցիաների հանդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության նյարդային արձագանքը։

Թուրքիան և դրա «դուստր» Ադրբեջանին հաջող դիմադրելու համար անհրաժեշտ են սակայն կամք և քաղաքական գրագիտություն, տարածաշրջանի իրողությունների սթափ իմացություն և հմուտ քաղաքականություն վարելու ունակ կադրեր։ Այս հատկանիշներին տիրապետող մարդիկ կան Հայաստանում և Սփյուռքում, բայց չկան իշխանության մեջ։ Ուրեմն մեզ մնում է միայն մեկ բան. այս «ամենազորության» պատրանքը համազգային ուժերով անհրաժեշտ է կոտրենք և մեր կարող լինելու հնարավորությունը ձևակերպենք նոր՝ ազգային իշխանության մեջ։ Սա հաջողությունների շղթան սկսելու միակ բանալին է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more