▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ ուրախացնել օլիգարխներին, կամ ապացուցել աշխարհին, որ մենաշնորհները հովանավորող չեն

Ֆրանսահայ գործարար, Երևանի «Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը, ով Հայաստանից հեռացավ բիզնեսում ծագած խնդիրների պատճառով, ասում է, որ ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարքեթների ցանցի մուտքը Հայաստան ձեռնտու չէ այն օլիգարխներին, ովքեր սուպերմարքեթներ ունեն:

Medialab.am-ն է գրում այս մասին ու մանրամասնում, որ Վալերի-Աշխեն Գործունյանը նշել է, որ ականատես է եղել, թե ինչպես են Ֆրանսիայում աշխատողներ փնտրում հայաստանյան «Կարֆուրում» պայմանագրով աշխատել ցանկացողների համար:

«Բայց եթե տրամաբանությամբ մտածենք, անշուշտ դա պիտի խանգարի մյուս սուպերմարքեթների օլիգարխներին, ովքեր «Կարֆուրի» պես սուպերմարքեթ ունեն, որովհետև «Կարֆուրն» ունի իր շաքարի, իր ալյուրի, կարագի արտադրությունն ու իր որակը, իր գները, որ ավելի մատչելի կլինեն ժողովրդի համար: Ու արդեն զգացվում է, որ դրա համար այդ օլիգարխներին, որ պետության մաս են կազմում, ձեռնտու չէ, որ «Կարֆուրը» Երևան գա»,- ասել է ֆրանսահայ գործարարը:

Վալերի-Աշխեն Գործունյանի կարծիքով` մյուս կողմից էլ Հայաստանի նախագահը հավանաբար կարիք ունի ցույց տալու, որ Հայաստանում մենաշնորհներ չկան: Հետևաբար, ըստ նրա, իշխանությունները պետք է դժվարին որոշում կայացնեն` ուրախացնել օլիգարխներին կամ ապացուցել աշխարհին, որ իրենք մենաշնորհները հովանավորող չեն:

Այն հարցին, թե ի´նչ խորհուրդ կտա Հայաստանում ներդրում անել ցանկացող գործարարներին, այդ թվում` «Կարֆուրի» սեփականատերերին, գործարարը նշեց, որ ծանոթ լինելով հայաստանյան իրականությանը` ինքն անձամբ ներդրումներ չէր անի Հայաստանում:

«Բայց «Կարֆուրը» մեծ է ու շատ մեծ հնարավորություններ ունի, կարող է ներդնել ու երկար սպասել, որ իրենց ներդրումը շահավետ լինի»,- ասել  է ֆրանսահայ գործարարն ու միաժամանակ  նշել է, որ խորհուրդ կտա «Կարֆուրի» ղեկավարությանը, որ Հայաստանում պետական երաշխիքներ ունենան այն մասին, որ մենաշնորհներ չեն լինի, որ կարող են ամեն ինչ ներմուծել Հայաստան, սահմանում մաքսազերծման խնդիր չի լինի, հարկային մարմինների հետ հետագայում խնդիրներ չեն ունենա: Եթե այդ երաշխիքներն ունենա, ըստ Վալերի-Աշխեն Գործունյանի, ուրեմն կարող են աշխատել:

«Ու հույս ունեմ, որ նրանք կգան Հայաստան, որ մեր ժողովուրդը հասկանա` ո´րն է լավ շաքարի, ալյուրի, լավ կարագի ու վատի տարբերությունը: Իսկ փոքր բիզնեսի համար կասեմ, որ ես ընդհանրապես հիմա չէի ներդնի Հայաստանում, կսպասեի, տեսնենք` ի´նչ է լինելու, շատ մտահոգիչ է վիճակը»,- ասել է նա:

Գործունյանն արձանագրում է` Հայաստանն այսօր այս վիճակում է գտնվում օլիգարխների ու մենաշնորհների, կաշառակերության, հարկային տեռորի ու արդարադատության պակասի պատճառով: Նրա խոսքով` այս խնդիրների պատճառով Հայաստանում կատարվող ներդրումները նվազում են, ինչն էլ սարսափելի վիճակի է հասցրել երկրի տնտեսությունը:

«Մեր երկրի տնտեսությունը փլվել է: Պետք է առաջ լինեն մեկ կամ մի քանի մարդ, որ պիտի իրականում մտածեն ժողովրդի օգտին, որ կարողանան նորմալ հույս ներշնչել ժողովրդին: Ու այս ամենի հետ մեկտեղ պետք է կազմվեն ճիշտ օրենքներ»,- ասում է ֆրանսահայ գործարարը: Վալերի-Աշխեն Գործունյանի խոսքով` Հայաստանում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, որ երկիրը դառնա նորմալ երկիր:



Հեղինակ` Մարի Ներսեսյան

Աղբյուր`

© Medialab.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more