▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանխավճար են պահանջում.«Ժողովուրդ»

Գաղտնիք չէ, որ ձմռան, այն էլ` Գյումրիի ցրտաշունչ ձմռան ընթացքում բնակիչները մեծ ծավալներով գազ են սպառում, որի դիմաց վճարելը դառնում է իսկական գլխացավանք: Անապահով գյումրեցիները, թեեւ օգտագործում են գազը, սակայն հիմնականում դա անում են ծայրահեղ խնայողաբար, որպեսզի գարնան սկզբին չկանգնեն աստղաբաշխական գումարներ վճարելու հրամայականի առջեւ: Սակայն իբր դա քիչ է, մարտ ամսվա վերջին նոր խնդիր է առաջացել:

Շիրակի մարզի 68- ամյա բնակիչ Սուրեն Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա էլ տեսուչները  գազի ներտնային սպասարկման գումարը պահանջում են կանխավ` առաջիկա մի քանի ամիսների համար. «Ամբողջ ամիս տնտեսեցի, մրսեցի, գազ չվառեցի, որ քիչ մուծեմ: Եկավ ամսվա վերջը, տեսուչն ասում է՝ միանգամից պետք է վճարես գազի ներտնային սպասարկման 3 ամսվա գումարը: Այսինքն՝ նախապես պետք է վճարեմ մի ծառայության համար, որը դեռ չի մատուցվել: Եթե ես պետությանը խնդրեմ իմ գազը 1 ամիս չանջատեն, քանի որ միջոց չունեմ վճարելու, կանի՞ արդյոք, կանխավ ինձ գազ կտա, որ կանխավ գումար է ուզում»,- զայրացած նշեց մեր զրուցակիցը:

Նմանատիպ բողոքներ լսեցինք բազմաթիվ այլ գյումրեցիներից, ովքեր նշում են, որ եթե  ոմանց համար հավելյալ 1000 դրամը գումար չէ, ապա իրենց համար, այն էլ այս շրջանում, դա զգալի ֆինանսական բեռ է: Բնակիչների խոսքերով՝ տեսուչները պարզաբանում են, որ բյուջեի ճեղքվածքը պետությունը փորձում է այս կերպ մեղմել:

Թե ինչու են միանգամից գանձում գազի ներտնային սպասարկման եռամսյա գումարը եւ ինչ հիմունքներով, փորձեցինք պարզել՝ նախ զանգահարելով Գյումրի քաղաքի գազի գրասենյակ: Լսելով մեր հարցը` գրասենյակի պետ Գալուստ Գալստյանը զարմացավ`  մեզ ուղղորդելով դիմել Շիրակի մարզի գազաֆիկացման,  գազամատակարարման միավորում, քանի որ գրասենյակը վարձավճարների հարցով չի զբաղվում: Այդպես էլ վարվեցինք: Սակայն Շիրակ ԳԳՄ-ում էլ «չգիտես ինչու, նույնպես անակնկալի եկան՝ նշելով, որ իրենք իրավասու չեն մեր հարցերին պատասխանել, քանի որ  հարցը  «Գազպրոմ Արմենիային» է վերաբերում: Իսկ  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրատվության բաժնի հետ կապվելու մեր բոլոր ջանքերը, ցավոք, ապարդյուն անցան, քանի որ լրատվության բաժինն այդպես էլ անհաղորդ մնաց մեր հեռախոսազանգերին:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more