▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաշառք են բաժանել գոյություն չունեցող «վուլկանիզացիայու՞մ»

Սահմանադրական դատարանում այսօր ելույթ ունեցավ նաև ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը: Նա նշել է, որ ոստիկանապետի հրամանով 1 988 ընտրատեղամասում Ոստիկանության կողմից իրականացվել է շուրջօրյա հերթապահություն, ինչպես նաև ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում գործել է շտաբ. այս մասին գրում է Նյուզ.am-ը:

Միաժամանակ Թաթուլ Պետրոսյանը նաև ընդգծեց, որ իրենց ստացված ընտրախախտումները հիմնականում տեղի են ունեցել քվեասենյակներում, սակայն Ոստիկանությունը իր ծառայությունը կատարել է դրանցից դուրս: Ոստիկանության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ իրենք արձագանքել են ԶԼՄ-ներում տեղ գտած ընտրակեղծիքների մասին բոլոր հայտարարություններին:

Դատարանի անդամներից Ֆելիքս Թոխյանը Թաթուլ Պետրոսյանին ասել է, որ, իհարկե, երևում է, որ Ոստիկանությունը աշխատանք կատարել է, սակայն հանրությանը հետաքրքրում է արդյունքը: Ի պատասխան Թաթուլ Պետրոսյանն ասել է, որ Ոստիկանությունը ծայրահեղ ընդհանրական տեղեկություններ է ստացել ընտրակեղծիքների մասին:

«Օրինակ՝ մեզ ասացին, որ Էրեբունիում՝ «վուլկանիզացիայում», կատարվում է ընտրակաշառքների բաժանում, պարզվեց, որ նման տեղ գոյություն չունի։ Հաղորդում եղավ, որ Հրազդանի ընտրատեղամասերից մեկում «Ժառանգության» ներկայացուցչին առաջարկել էին 500 դոլար՝ աչքերը փակելու համար, խոսել ենք բոլոր հանձնաժողովների հետ ու ասել են, որ նման բան չկա»,- ասել է նա և ավելացրել, որ ընտրակեղծիքները եղել են էպիզոդիկ:

ՍԴ մեկ այլ անդամ՝ Կիմ Բալայանը, Ոստիկանության ներկայացուցչին հարց ուղղեց, թե արդյոք, օրինակ՝ ընտրակաշառքի բաժանման մասին ստացված 90 հաղորդումներից որևէ մեկի դեպքում Ոստիկանությունը համապատասխան միջոցներ իրականացրե՞լ է։ Նա նաև հարցրել է, թե ինչ լրացուցիչ լծակներ ունի Ոստիկանությունը դրանք բացահայտելու համար:

«Բացահայտման առումով կաշառք կամ այլ հանցագործություններ կան, որտեղ երկու կողմն էլ շահագրգռված են, այդ տեղեկատվությունը գտնելու համար և Ոստիկանությունը միջոցներ ձեռնարկում է, բայց եթե անձը իր տվյալները չի փոխանցում, դժվար է որևէ բան պարզել»-ասել է նա:

Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվել է Թաթուլ Պետրոսյանից, թե Ոստիկանության կողմից ինչ գնահատականի է արժանացել Սերժ Սարգսյանի՝ Գյումրիում արած հետևյալ արտահայտությանը՝ «ինչքան կուզենք կխփենք»:

«Նախընտրական փուլում բոլոր թեկնածուները տարբեր արտահայտություններ են արել, չենք կարող դրանց անդրադառնալ»,-ասել է նա և նշեց, որ դա չի կարող դիտվել որպես բռնության կոչ:

Անդրիաս Ղուկասյանը Ոստիկանության ներկայացուցչից հետաքրքրվել է, թե ընտրությունների օրը որքան մարդ է եղել Տեղ գյուղում, ինչին պատասխան Թաթուլ Պետրոսյանը նշել է, որ չեն կարող իմանալ, ինչպես նաև չեն կարող իմանալ, թե այս պահին Հայաստանում ինչքան մարդ կա, քանի որ դա իրենց լիազորությունների մեջ չէ, ինչպես նաև չունեն ռեսուրսներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more