Սերժ Սարգսյանն այսօր Բնապահպանության նախարարության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Իրենց համակարգման ոլորտում գտնվող ուղղություններով իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և հետագա ծրագրերի մասին զեկույցները լսելուց հետո, ըստ պաշտոական տեղեկատվության, բնապահպանության նախարարության աշխատակիցները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը հաջորդած զարգացումներով, ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքներով և այլ հարցերով:
Պատասխանելով Մաքսային միության և հայ-ռուսական հարաբերությունների խոստումնալից հեռանկարի վերաբերյալ հարցին՝ Նախագահն ընդգծել է, որ կիսում է հարցադրումն անողի լավատեսությունը: «Ե՛վ հայ-ռուսական հարաբերություններում, և՛ Մաքսային միության հետ կապված՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր,տեսնում եմ լավ հնարավորությունների առկայություն: Իհարկե, Մաքսային միության մասով դեռևս կխոսեմ և հանգամանորեն կանդրադառնամ ապագայում, որովհետև մինչ բանակցությունների ավարտը ես նպատակահարմար չեմ համարում բոլոր առավելությունների և հնարավորությունների մասին խոսել: Կավարտենք բանակցությունները՝ այդ ժամանակ, իրոք, շատ մանրամասն կխոսենք ընձեռնված հնարավորությունների մասին: Ակնհայտ է, որ իմ այս խոսքերը մեր հասարակության տարբեր շերտեր կարող են տարբեր կերպ մեկնաբանել և նորից ասել՝ գաղտնի բանակցություններ են վարում: Այնուհետև գալու են ասեն՝ այդ դեպքում մեր կարծիքը ի՞նչ նշանակություն ունի և այլն: Մի անգամ էլ պետք է ասեմ, որ աշխարհում չկա որևէ բանակցություն, որի մանրամասները քննարկվեն հասարակության բոլոր խավերի հետ:
Կոնկրետ պարագաներում, մեր բանակցությունների արդյունքները մենք ներկայացնելու ենք Ազգային ժողով, և այդ պայմանագրերը պետք է վավերացվեն կամ հաստատվեն խորհրդարանի կողմից: Եվ փառք Աստծո, այսօրվա մեր Ազգային ժողովը շատ լավ ներկայացնում է մեր հասարակության և նրա տարբեր հատվածների շահերը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության Նախագահի այցին, ապա, իմ կարծիքով, այդ այցը հաստատեց մեր ռազմավարական հարաբերությունների բնույթը: Ունենք պայմանագրեր, որոնք ստորագրվեցին և որոնք դարձան հանրության լայն շրջանակների սեփականությունը: Մենք դրա մասին ենք խոսում: Այցը, ձեռքբերված պայմանավորվածությունները, իրոք, շատ մեծ հնարավորություններ են ստեղծում. հնարավորություններ տնտեսության ոլորտում և շատ ավելի սերտ համագործակցության հնարավորություններ անվտանգության ոլորտում: Տնտեսության մեջ, կարծում եմ, էներգետիկայի ոլորտը, արդյունաբերության, ավելի որոշակի՝ ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության և այլն, պայմանավորվածությունները շատ-շատ են, և հնարավորությունները մեծանում են: Գյուղատնտեսության ոլորտում ևս շատ մեծ հնարավորություններ են բացվում: Միայն 2013 թվականին մենք ՌԴ արտահանումն ավելացրել ենք 25 տոկոսով՝ մեկ քառորդով: Դա շատ մեծ թիվ է: Բայց մեկ բան հստակ պետք է հասկանանք, որ ռուսները չեն գալու մեր փոխարեն աշխատեն: Այդ հնարավորությունները մենք պետք է կարողանանք իրականություն դարձնել, մենք պետք է կարողանանք ավելի կազմակերպված աշխատել, կարողանանք արդյունքներ ստանալ: Եթե մենք չկարողացանք՝ մեզ կարող են օգնել, կարող են օժանդակել, բայց որևէ մեկը մեր փոխարեն չի աշխատելու: Սա պետք է հստակ գիտակցենք»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: