▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինոակադեմիան պետք է վերանայի որոշումը․ հայտարարություն

Հայաստանի ազգային կինոամադեմիան չի ընտրել Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշությանը Հայաստանը ներկայացնելու համար։

Լուսանկարում՝ Հայաստանի Կինոակադեմիայի նախագահ Ռուբեն Ջաղինյանն է

Ընտրվել է Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», որը միջազգային ցուցադրություններ չի ունեցել և միջազգային մրցանակների չի արժանացել։

«1489» ֆիլմը արժանացել է վավերագրական ֆիլմերի ամենախոշոր՝ Ամստերդամի վավերագրական միջազգային ֆիլմերի փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին, կինոքննադատների «FIPRESCI» մրցանակին, Տրիեստի ֆիլմերի փառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին, Բուենոս Այրեսի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (FIDBA) լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին և մի շարք այլ մրցանակների։

Մասնակցել է 20 փառատոնի ամբողջ աշխարհով մեկ։ Փառատոների և մրցանակների ողջ ցանկը հայատարության վերջում*

Երկու ֆիլմերն էլ 2023թ արտադրություն են։

Լրատվամիջոցը Հայաստանի ազգային կինոակադեմիայից փորձել էր պարզելթե ինչ սկզբունքով է ակադեմիան ընտրել «Օսկարին» ներկայացնելու ֆիլմը։

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը ևս հարցում է ուղարկել՝ իմանալու, թե ինչ չափանիշներով են որոշում, թե որ ֆիլմը պետք է «Օսկարին» ներկայացնի և ինչ մեխանիզմով։

Օրինակ, եթե կինոակադեմիայի անդամներն են որոշում, արդյո՞ք կարող է ակադեմիայի անդամն իր ֆիլմի օգտին քվեարկել։ Ընտրված ֆիլմի ռեժիսորը՝ Էդգար Բաղդասարյանը, կինոակադեմիայի խորհրդի անդամ է, մինչդեռ «1489»-ը Շողակաթ Վարդանյանի առաջին ֆիլմն է և կինոակադեմիայի համար անծանոթ ռեժիսոր։

Մեր հարցումը մնաց անպատասխան։

Ակնհայտ է, թե ինչ մեխանիզմով և ինչ հաշվարկով կատարվի ընտրությունը, Հայաստանի կինոյի ոլորտում տեղի է ունեցել անարդարություն և ամենահնչեղ, հեղինակավոր և ուժեղ հայկական արտադրության ֆիլմը չէ, որ ներկայացնելու է Հայաստանը «Օսկարում»։

Ավելին, «1489» ֆիլմը 2020թ Արցախի պատերազմում զոհված Սողոմոն Վարդանյանի մասին է։ Ֆիլմում Սողոմոնի քույրը՝ Շողակաթ Վարդանյանը, հոր և մոր հետ փնտրում են նրան, երբ դեռ նա անհայտ կորածների ցուցակում էր։ Այսինքն, այս ֆիլմն է, որ նկարագրում է Հայաստանը և Հայաստանի բնակիչների՝ մեր, վերջին տարիների վիճակը, ֆիլմը հարգանքի տուրք է բոլոր զոհվածներին, անհայտ կորածներին և նրանց հարազատներին, դրան գումարած ֆիլմի ընդարձակ հաջողությունները։

Ակն ընդ ական վավերագրողների համայնքը Հայաստանի ազգային կինոակադեմիայից պահանջում է վերանայել իրենց որոշումը, վերանայել Հայաստանի անունից օտարերկրյա կինոակադեմիաների մրցանակների համար ֆիլմ ընտրելու կարգը։

Ակն ընդ ական վավերագրողների համայնքը շնորհակալություն է հայտնում լրատվամիջոցներին` hարցը բարձրացնելու համար և մյուս ԶԼՄ-ներին նույնպես առաջարկում ենք միանալ թեմայի լուսաբանմանը։

Մենք Հայաստանի կինոգործիչներին հորդորում ենք խոսել այս թեմայի մասին, քանի որ ամենալավը նրանք են հասկանում սխալ ընտրության և անարդարության մասշտաբը, որը տեղի է ունեցել Հայաստանի անկախ շրջան ամենահաջող ֆիլմի հանդեպ։

Հայաստանը կարող էր ստանալ պատմության մեջ իր առաջին «Օսկարը»։

*«1489» ֆիլմի ցուցադրությունները և մրցանակները

1.Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն (IDFA), Նիդերլանդներ Լավագույն ֆիլմ, FIPRESCI մրցանակ, Նիդերլանդներ

2. Տրիեստի ֆիլմերի փառատոն, լավագույն վավերագրական ֆիլմ, Իտալիա

3. Գյոթեբորգի ֆիլմերի փառատոն, Շվեդիա

4. True/False ֆիլմերի փառատոն, UՄՆ

5. First Look ֆիլմերի փառատոն, ԱՄՆ

6. Ժնևի միջազգային ֆիլմերի փառատոն (FIFDH), Շվեյցարիա

7. Սոֆիայի ֆիլմերի փառատոն, ժյուրիի հատուկ հիշատակում, Բուլղարիա

8. Full Frame ֆիլմերի փառատոն, ԱՄՆ, ժյուրիի հատուկ մրցանակ

9. ZagrebDox վավերագրական ֆիլմերի փառատոն, Խորվաթիա

10. GoEast ֆիլմերի փառատոն, ժյուրիի հատուկ հիշատակում, Գերմանիա

11. Beldocs վավերագրական ֆիլմերի փառատոն, Սերբիա

12 Կրակովի ֆիլմերի փառատոն, Լեհաստան

13. Kino Otok ֆիլմերի փառատոն, Սլովենիա

14. Երևանի Ոսկե ծիրան միջազգային ֆիլմերի փառատոն, Հայաստան

15. Ատլանդտիդա ֆիլմերի փառատոն, Իսպանիա

16. Հայկական ֆիլմերի փառատոն, ԱՄՆ

17. Women Make Waves, Թայվան

18. Բուենոս Այրեսի վավերագրական ֆիլմերի փառատոն, լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ, Արգենտինա

19. Orient Express ֆիլմերի փառատոն, Բերն, Շվեյցարիա

20. Screening Rights, West Midlands’ social justice film festival – Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more