▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլերիդիսը ստու՞մ էր.սկանդալ Կիպրոսում` սեփականատերերի վերագրանցումներ` առանց համաձայնության

Վարչապետ Տիգրան Սարգսյանի` օֆշորում <գրանցված> կազմակերպության մասին վերջին մեկ ամիսների աղմուկը ոչ մի կերպ չի դադարում: Վերջին շրջանում Հայաստանի բոլոր ընդդիմադիր գործիչները, անգամ Կիպրոսի դատախազը հայտարարում էին, թե առանց մարդու ցանկության այդ երկրում ոչինչ գրանցել հնարավոր չի: Բայց պարզվում է, որ երեկ Կիպրոսի խորհրդարանում այս մասին քննարկումներ են եղել, իսկ հենց կիպրոսյան ընկերություններն էլ մեղադրում են ուրիշներին առանց իրենց համաձայնության կազմակերպությունները վերագրանցելու մեջ:

 Pastinfo.am գործակալությունն է գրում այս մասին ու նշում, որ  մի շարք կիպրոսյան գրանցում ունեցող ընկերությունների սեփականությունը կասկածելի հանգամանքներում փոխանցվել է երրորդ անձանց, ինչը խարդախության և հնարավոր փողերի լվացման ռիսկ է է պարունակում, փոխանցում է կիպրոսյան առաջատար կայքերից մեկը` CyprusMail-ը: 
Երեկ` հուլիսի 3-ին, Կիպրոսի խորհրդարանի` Ներկայացուցիչների պալատի ենթակառուցվածքների հանձնաժողովը քննարկել է բողոքներ, որոնք ներկայացվել էին ընկերությունների սեփականատերերի կողմից` այն բանից հետո, երբ առանց վերջիններիս համաձայնության իրենց ընկերությունները վերագրանցվել են ուրիշների անուններով` փաստաթղթեր կեղծելու միջոցով:

  Ինչպես հայտնում է CyprusMail-ը` «գլխավոր դատախազության գրասենյակի ներկայացուցիչը հայտնել է օրենսդիրներին, որ նմանoրինակ 10 բողոքներ գործարարների կողմից ներկայացվել են ոստիկանություն, որոնցից վեցը այնուհետև փոխանցվել են դատախազություն` քրեական հետաքննության սկսելու հանձնարարությամբ»: Սակայն գլխավոր դատախազության գրասենյակում հետագայում պարզել են, որ առկա ապացույցների հիման վրա քրեական գործեր հարուցվել չեն կարող: Պաշտոնյայի խոսքերով, դեպքերի մեծ մասը առավելապես առնչվում են ընկերությունները ներկայացնող իրավաբանական կազմակերպությունների վեճերին: 
Բայց հարցը բարձրացրած պատգամավորներին Կիպրոսի դատախազության պատասխանը չի բավարարել: Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ, Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Դեմետրիս Սայլորիսը (Demetris Syllouris) նկարագրել է սեփականության փոփոխության տեղեկությունները որպես«ընկերությունների գողություն կամ առևանգում»: «Ներկայիս գործող համակարգը վտանգավոր հեշտությամբ թույլ է տալիս սեփականություն փոխանցել մեկ անձից մյուսին. ավելի հեշտ է բազմամիլիոնանոց ընկերության սեփականության իրավունք փոխանցել, քան գրանցել ալյումին արտադրող ընկերություն որդուդ հետ», - նշել է նա:

CyprusMail-ը, մեջբերելով բանախոսի խոսքերը, նշում է. «Ընկերությունների սեփականության այս ամբողջ գործից փողերի լվացման հոտ է գալիս: Դա պարզապես համակարգային թերություններ չէ, այլ շատ կարևոր մի հարց, որ կարող է վնասել մեր ֆինանսական ծառայությունների կենտրոն լինելու համբավը», - ասել է նա: 
Ի թիվս այլ բաների, փողերի լվացման միջոցների և ահաբեկչության ֆինանսավորման գնահատման փորձագետների կոմիտեի զեկույցում նշված են«արդյունավետության հետ կապված հարցեր, որոնք վերաբերում են Կիպրոսի ընկերությունների ռեգիստրում գրանցված իրավաբանական անձանց նույնականացման և ստուգման ընթացակարգերին, հաշվի առնելով ռեգիստրի տվյալների բազայի թերի լինելու փաստը»: Ընկերությունների ռեգիստրի վարչության ղեկավար Սփիրոս Կոկինոսը (Spyros Kokkinos) նշել է, որ համակարգը մնացել է գրեթե անփոփոխ վերջին 50 տարիների ընթացքում: Թեև ռեեստրի համակարգը 2012թ.-ին էլեկտրոնային է դարձել, Կոկինոսը ասել է, որ այն պետք է զուգորդված լինի կեղծ ստորագրությունների դեմ համապատասխան ստուգումներով, ինչպես նաև անհատական մուտքի կոդերի օգտագործմամբ: Իրավաբանների միության ներկայացուցիչ Մելինա Պարգոուն նշել է, որ ընկերությունների փաստաթղթերը հաճախ ստորագրվում են արտասահմանում նոտարների կողմից և ապա բերվում Կիպրոս` փոփոխությունները հաստատվելու համար: «Ակնհայտ է, որ ավտոմատացված համակարգը կնվազեցնի կեղծիքների քանակը, այնուամենայնիվ, ամբողջությամբ դրանցից չի ձերբազատի», - ասաց նա: 

 

Աղբյուր` Pastinfo.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more