«Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը չընդունվեց Ֆրանսիայի անբարեխիղճ գործողությունների պատճառով, որը պատրաստել էր այն, և ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, ինչպես փորձում են պնդել Telegram-ի որոշ ալիքների հեղինակներ»։ Այս մասին շաբաթ օրը Telegram ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Չեմ կարող չնշել մի շարք հայկական Telegram ալիքների կողմից տարածված Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից մամուլի համար հայտարարություն չընդունելու պատճառների մասին տեղեկության բացարձակապես կեղծ ներկայացումը»,- ասել է նա,- «Երեւանի խնդրանքով, այս գործընթացը համակարգել են ֆրանսիացիները, որոնք անտեսել են մեր առաջարկների ճնշող մեծամասնությունը՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի մյուս անդամների ուղղումները։ Փարիզում նման մեթոդների փնթիությունն ակնհայտ է»։
Պոլյանսկին նշել է, որ ռուս խաղաղապահները «ոչ թե խոսքով, այլ գործով են զբաղված Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմամբ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ»։ Դիվանագետը հույս է հայտնել, որ «հայ ընկերները թույլ չեն տա իրենց ներքաշել կեղտոտ աշխարհաքաղաքական խաղերի մեջ՝ հօգուտ նրանց, ովքեր չեն վարանում որևէ պատրվակ օգտագործել ԽՍՀՄ-ում միասին ապրած եղբայրական ժողովուրդներին գժտվեցնելու և նույնիսկ չնչին հակասություններն ու խնդիրներն ավելի թեժ ուռճացնելու համար»:
Ավելի վաղ, Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը շնորհակալություն էր հայտնել Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և Մեծ Բրիտանիային՝ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը տապալելու համար։