▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Դռնոյան. Համայնքս

Քաղցր փշի մեջքը բարակ է ու դալար – մանկության նման: Սինձը կաթ է տալիս կնոջ նման – հարսնուկ որպես: Եղինջը ծակում է ափերս ու մատներս – այրող հիշողության հանգույն: Ձյան լեզվակները դեռ չեն հեռացել ձորերից: Ճանապարհին կանգնել ենք մի քանի րոպե - համայնք ենք գնում:

Նստած է համայնքը: Տխրությա՞ն սեղան է, կարոտի՞ սեղան է – դժվար է ասել: Մայրենի լեզուն ծեր ուսուցչի բերանում քաղցրանում է – ուշ երեկոյան շաղած փոխինձի նման: Որքա՛ն իմաստ, որքա՛ն գրականություն – գեղջուկ ազնվականը խնամում է իր համայնքը: Խոսում է մյուսը – ալաշկերտյան բարբառի մարգարտաշարի մեջ՝ մի հասարակ քար անգամ չկա… 

Համայնքս, հիմա ի՞նչ ես ասում: Հուսալքվե՞լ ես… Ականջդ բեր՝ ասեմ: Ես քեզնից շա՛տ ավագ եմ – հոգիս քանի՜ միլիոն տարեկան է, դու՝ մի տաս հազար տարեկան կլինես: Համա՜յնքս, զավա՜կս, մատղա՜շս – հանգստացի՛ր: Շուտով կհավաքվենք – շատ չենք լինելու, մի տաս-տասներկու հոգի, քեզ կառնենք մեր գրկի մեջ, ուժ կտանք, զորավոր խոսքեր կասենք, սուրբ անուններ կշշնջանք… Եվ դու ընդոստ վեր կելնես և կազատվես այս գերությունից: Իսկ մինչ այդ՝ հանգստացի՜ր իմ գրկի մեջ… Համա՜յնքս, զավա՜կս…

Դուրս ելանք: Ձյան լեզվակները սողում և կորչում էին ձորերում : Համայնքի գարունը ծաղկում էր դաշտերի կանաչ-կարպետի ու ծաղիկների կապույտ- զարդանախշերի մեջ:

 

Լևոն Դռնոյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more