▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոնը հայտարարեց չառաջադրվելու մասին, բայց չի հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին

Նախագահ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշման մասով կուզենայի մի քանի բան գրել, զուտ իմ անձնական նկատառումների տեսքով

Մարդկային առումով

Անխոս, մարդկային առումով, որպես քաղաքացի Նախագահի որոշումը չեմ կարողանում մարսել: Ես եղել եմ այն տեսակետի կրողը, որ նա պետք է առաջադրվի: Հետեւաբար, այժմ, զուտ մարդկային, էմոցիոնալ առումով, վատ եմ զգում, որ նախագահը չի առաջադրվելու:

Քաղաքական առումով

Քաղաքական առումով նախագահի առաջադրվելն, անշուշտ, այլընտրանք չուներ, եւ դա չնայած բազմաթիվ գործիքների ու վերլուծագանգերի պնդումներին` ամենեւին էլ իր մեղքով չէր: Ա` նրա տեսակի քաղաքական գործիչներ Հայաստանում ամեն օր չէ, որ ծնվում են, հետեւաբար, օբեկտիվորեն չէր կարող այս կարճ ժամանակաշրջանում ծնվեր, կայանար մի նման կամ հավասար այլընտրանք: Բ` 2007-ին նրա քաղաքականություն վերադառնալը շատ գործիչների օբեկտիվ կամ սուբեկտիվ պատճառներով սխալ պատկերացումների մեջ գցեց: Ղարաբաղում էսպիսի խոսք կա` «Աղվեսը ծառին շուխկըմը կաղնալ ա, գյուդում ա թա` ուրան հաքվին շոխկն ա»: Աղվեսը ծառի ստվերում կանգնել է եւ կարծում է, թե դա իր պոչի ստվերն է: Օբեկտիվորեն ստեղծվեց մի այնպիսի վիճակ, որ շատ գործիչներ, կանքնելով նախագահի ստվերում, կարծեցին, թե դա իրենց սեփական ստվերն է: Անշուշտ, դժվար է դիմանալ այդպես կարծելոււ գայթակղությանը, դա էլ մարդկային է: Բայց եղավ այն, ինչ եղավ: Նախագահի «թիմում», որն անշուշտ, 2007-ի վերջին ձեւավորվեց նաեւ այնպիսի մարդկանցից, ովքեր ակնհայտորեն մի նպատակով էին այնտեղ հայտնվել, քանի որ վստահ էին, որ նախագահը չհաղթել չի կարող, եւ երկար պայքարի համար չէ, որ հայտնվել էին այնտեղ, ազնիվ պայքարողների շարքում, երկու տեսակի գործիչներ հայտնվեցին նաեւ: Մի տեսակը նրանք էին, ովքեր սուբեկտիվ ընկալումներով գնահատեցին պայքարն ու իրավիճակը, ովքեր չկարողացան մարդկանց սուբեկտիվ եւ օբեկտիվ գնահատկանները զանազանել իրարից, եւ մի պահից սկսած, պայքարելու փոխարեն` սկսեցին նախագահին հասնելու, կամ հավասարվելու, կամ գոնե նրանից հետո հաջորդը լինելու արշավ: Այդ արշավում սկսեցին նախ կարեւորել սեփական ես-ը, եւ պայքարի, հայտարարությունների, ասուլիսներ ու ցանկացած բոլոր գործողությունների հիմքում` ստարտային կապիտալ համընդհանուր ես-ը փոխարինվեց սեփական ես-ով: Մյուս մասում հայտնվեցին առավել փոքրիկ կալիբրի գործիչները, ովքեր օբեկտիվորեն հասկանում էին սեփական ունակությունները, ներդրման հնարավորությունները, եւ քանի որ աճելու, գագաթ դառնալու ոչ ցանկություն ունեին, ոչ էլ` հնարավորություն, մտան` մի դաշտ, որ գոնե երկրորդ պլանի դերաակատարման հարցում կարեւովեն, ճանաչելի դառնան: Կային նաեւ այնպիսիները, ովքեր ոչ թե աճելու, հասնելու, գագաթ դառնալու ցանկություն ունեին, այլ ի սկզբանե համարում էին, որ իրենք արդեն կայացած ու աճած են, ու սեփական անձը ընդդիմադիր դաշտում թերագնահատված համարելով` հեռացան: Թիմի մի փոքր հատվածն այսպես վարվեց. դիմացան ջրին, կրակին, պղնձե շեփորներին` ոչ:
Արդյունքում, իրականում, հենց իրենք նպաստեցին այն բանին, որ չկարողացան հասնել բաղձալի նպատակին` դառնալ նախագահին այլընտրանք:

Պետականության առումով

Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, նրա ներկայությունը քաղաքական դաշտում մի շատ կարեւոր ֆունկցիա է կատարել եւ կատարում: Նա, որպես ծանր քաշային, բնականաբար, քաղաքականության ՆԻՇԱ-ն բարձրացրեց: «Հավասարների» քաղաքական դաշտի պատկերը, իհարկե, փոխվեց, երբ եկավ մեկը, ով ասեց` 50 կգ-ի փոխարեն 250 կգ կբարձրացնեմ:
Բայց օբեկտիվորեն, քանի որ դաշտում այդ քաշը բարձրացնելու ունակ այլ գործիչներ չկան, բնական է, որ նրանց մոտ սկսվեց ընդվզում, այսիինքն, մյուս բոլորը կամ պետք է իրենք հեռանային դաշտից, կամ` ձգտեին հեռացնել նախագահ Տեր-Պետրոսյանին: Հենց դրանով էր պայանավորված այն, որ դաշտում, փոքր ու միջին կալիբրի քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու վերլուծաբանները «հարձկվեցին» նախագահի վրա: Եթե նախագահը այս ընտրություններում չի առաջադրվում, դա նշանակում է, որ ընթանալու է հավասարների ու գրեթե հավասարների պայքար: Որտեղ կհաղթի Սերժ Սարգսյանը, ընդ որում, ադմինիստրատիվ ռեսուրսի գուցե եւ ոչ ամբողջական օգտագործմամբ: Ո՞ւմ դեմ պետք է ինքը կեղծիքներ իրականացնի, էպոսագետի՞, Րաֆֆի Հովհաննիսյանի, մի կին ատամնատեխնիկների՞: Սա իհարկե, Սերժ Սարգսյանի երազած տարբերակն է, բայց դուք հասկանում եք, չէ՞, որ նման ընտրություններ մեկ էլ Ադրբեջանում են անցնում, երբ Իլհամ Ալիեւը հաղթում է Սումգայիթցի բուժքրոջը: Պետականության առումով, սա նահանջ է, սա լուրջ հարված է, եւ չզարմանաք, որ մինչեւ նախագահական ընտրություններ պարզվի, որ արտագաղթողների թիվը շեշտակի աճել է:


Ռազմավարական եւ մարտավարական առումներով

Ես չգիտեմ` ռազմավարական առումով ինչ է մտածել նախագահը, բայց մարտավարական առումով նրա որոշումը ճիշտ է: Քանի ամիս, անգամ սեփական թիմի մի քանի «կարկառուն» ներկայացուցիչներ ամեն ինչ անում էին, որ աննպաստ պայմաններ ստեղծեն առաջին նախագահի շուրջ կոնսոլիդացիա ստեղծելու եւ առաջադրվելու համար: Նրանց մեսիջը ակնհայտ էր` թող մենք էլ առաջադրվենք, մենք էլ մի բան անենք, մեզ ճանապարհ չես տալիս: Ու նախագահը տվեց այդ ճանապարհը: Սակայն, նախագահի որոշման մասին հայտնի դառնալուց ժամեր անց` քաղաքական դաշտում սկսվեց վակուում: Ծառը մի կողմ քաշվեց, աղվեսները տեսան, որ սեփական պոչից ստվեր չի լինում: Այո, անխոս, մենք` քաղաքացիներս, չհասկացանք նախագահի որոշումը: Անխոս, առաջին խանգարողներից շատերը սկսեցին հայտարարել, թե նախագահի որոշումը սխալ էր, եւ նա պետք էր առաջադրվեր: Բայց մենք ի՞նչ արեցին, որ դրա համար ստեղծենք նպաստավոր պայմաններ: Այո, 2007-ից սկսած նախագահը կարողացավ ստեղծել, դնել ծիլերը այնպիսի հասարակության, որն այսօր այլեւս 2006-ինը չէ: Երբ ոստիկանությունում սպանեցին Լեւոն Գուլյանին, պայքարողների թիվը մի 50-ը չէր անցնում: Այսօր կանայք կարող են հարձակվել իրենց բակում մեկ ծառ կտրողների վրա, խլել նրանցից կացինն ու կենդանի պատ կանգնելով արգելել ծառ կտրողներին շարունակել իրենց գործողությունները: Բայց խնդիրն այն է, որ մենք համարեցինք, որ նրա արածը բավական է, մենք հիմա կարող ենք շարունակել նրա գործը: Եւ նա իր բնավորության համաձայն տվեց մեզ այդ հնարավորությունը: Եւ՞: Ո՞ւր են փողոցը գրավողները, լիբերալ դաշտը համախմբողները, որտեղ են ամենաարմատականները:
Դաշտում վակուում է: Ով ինչ էլ ասի: Նշաձողն իջեցվել է: Հիմա բոլորը կարող են հաղթող լինել` 50 կգ բարձրացնելով, բայց դա իրավիճակ չի փոխի: Չեմ կասկածում, ոմանք, դեռ կփորձեն, ծանրաձողին կմոտենան, չեմ կասկածում, որ ընդդիմադիրներից ոմանք` 250 կգ կհայտարարեն, բայց հունվարին մենք կունենանք այն, ինչ ունենք այսօր:

Այո, նախագահը հայտարարեց չառաջադրվելու մասին:
Բայց: Նա չի հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին: Սա իմ սուբեկտիվ տեսակետն է: Ու քանի դեռ նա այդ մասին չի հայտարարել, ուրեմն, ամեն ինչ դեռ ավարտված չէ: Դեռ կարելի է հասունացնել իրավիճակը:

 

Լրագրող Քրիստինե Խանումյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more