Կան մտավորականներ, արվեստագետներ, որոնք ընդդիմություն են խաղում:
Եվ կան այնպիսիք, որոնց մեջ է ընդդիմությունը ի ծնե: Այդպես ծնվում են՝ ընդվզման ծիլն իրենց մեջ:
Արվեստագետի այս տեսակը հազվագյուտ է մեզանում:
Կեսօրին, երբ ծանոթացա պարգեւատրվածների ցանկին, մտածեցի, որ հաստատ արձակագիր Լեւոն Խեչոյանը կհրաժարվի իրեն շնորհած ,,Հայրենիքին մատուցած ծառայությունների համար,, 2-րդ աստիճանի մեդալից: Այդպես էլ վարվեց:
Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ մտավորականը ի սկզբանե հրաժարվում է պարգեւից:
Թեպետ, մի օրինակ էլ կա. 10 տարի առաջ Արմեն Շեկոյանը հրաժարվեց իր 50-ամյակի կապակցությամբ մշակույթի նախարարության կողմից տրված ոսկե մեդալից: Բայց դա, այսպես ասած, ,,ուրիշ մակարդակ,, է:
Նրան այդ մեդալը ցանկանում էր տալ նախարարը:
Մինչդեռ այսօրվանը նախագահական պալատի արարողակարգային մակարդակ է եւ պարգեւատրվածները իրենց մեդալներն ու կոչումները ստանում են անձամբ նախագահի ձեռքից:
Այս առումով, Լեւոն Խեչոյանի քայլը աննախադեպ է: Մեդալից հրաժարվելու բացատրություն էլ՝ հիմնավորված. երկրի վիճակը, արտագաղթը, իր ազատամարտիկ ընկերների աննախանձելի կյանքը...
Հիմա կհիշեցնեք, 2004-ին Կապուտիկյանի քայլը: Ո՛չ, դա էլ է իր հնչեղությամբ զիջում Խեչոյանի քայլին, քանի որ բանաստեղծուհին իր շքանշանը վերցրել էր եւ միայն տարիներ հետո որոշեց հետ վերադարձնել /ի դեպ, նրա շքանշանը հիմա իր թանգարանում է/:
Իսկ Խեչոյանը, շեշտում եմ, ի սկզբանե հրաժարվում է վերցնել իր մեդալը:
Այսօրվա ցանկին ծանոթանալիս, անշուշտ, համոզված էի, որ Վարդուհի Վարդերեսյանը անպայման կվերցնի իրեն շնորհած ,,Սուրբ Մեսրոպ Մաշտոց,, շքանշանը: Դե, հետո ինչ, որ դերասանուհին մի քանի տարի առաջ Հյուսիսային պողոտայում կամ Ազատության հրապարակում պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ընդդիմություն խաղաց ու վե՛րջ, հիմա էլ հո չի? հրաժարվելու չգիտեմ որերորդ կոչումից ու շքանշանից:
Ինչ վատ է՝ սերիալի դերասանները ստանում են ,,Մովսես Խորենացի,,, ինքն էլ՝ Մաշտոց: Սարգսյանի հրաժարականի պահանջն էլ վաղուց մոռացել է...
Մի խոսքով, ինչպես ասում են՝ ,,զգա տարբերությունը,,...
Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը
Ֆեյսբուք