Լույս են տեսել 2014թ. աստղագիտական օրացույցներ` «Բյուրականի աստղադիտարան», «Վիկտոր Համբարձումյան», «Հայ աստղագետներ» և «Լուսնի փուլեր»: Առաջին օրացույցի էջերում բերված են տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի վերաբերյալ` համառոտ պատմությունը, գիտական անձնակազմը, կարևորագույն գիտական սարքավորումները` աստղադիտակները, կարևորագույն գիտական արդյունքները, Բյուրականյան նշանավոր շրջահայությունները, միջազգային համագործակցությունը, անցկացված գիտաժողովները և երիտասարդական ամառային դպրոցները, ինչպես նաև ԲԱ՝ որպես Հայաստանի կարևորագույն այցելությունների կենտրոններից մեկը: «Վիկտոր Համբարձումյան» օրացույցի էջերում բերված են Վ.Հ. Համբարձումյանի առավել նշանակալից 12 գիտական արդյունքները:
«Հայ աստղագետներ» օրացույցի համապատասխան էջերում (ծննդյան ամիսների հաջորդականությամբ) տեղ են գտել 12 խոշորագույն հայ աստղագետների համառոտ կենսագրություններն ու գիտական գործունեությունը, այդ թվում` Անանիա Շիրակացի, Վիկտոր Համբարձումյան, Բենիամին Մարգարյան, Գրիգոր Գուրզադյան, Երվանդ Թերզյան (ԱՄՆ), Մարատ Առաքելյան, Վահե Պետրոսյան (ԱՄՆ) և այլոք, ինչպես նաև յուրաքանչյուր էջում հիշատակված են տվյալ ամսին ծնված հայազգի աստղագետներ, աստղաֆիզիկայում ներդրում ունեցող ֆիզիկոսներ, աստղագիտության հետ այլ առնչություն ունեցող գիտնականներ, ընդհանուր առմամբ ևս 106 հոգի: «Լուսնի փուլեր» օրացույցը ներկայացնում է 2014թ. Լուսնի փուլերն ըստ օրերի: Առաջին երեք օրացույցները հրատարակվել էին նաև անցյալ տարի, իսկ «Լուսնի փուլեր»-ը հրատարակվում է առաջին անգամ:
Հայկական աստղագիտական ընկերություն