▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրջացե՛ք, ժողովուրդ...

Այն, որ Բերձորում տեղի է ունեցել իրավական կոպտագույն խախտում՝ անվիճելի է: Ինձ համար անվիճելի է նաեւ այն, որ դրա պատասխանատուներին պետք է փնտրել ոչ այնքան Ստեփանակերտում (այդտեղ միայն տեխնիակական պատասխանատուներ կան), այլ՝ Երեւանում: Բայց խնդրի քաղաքական կողմերի վերլուծությունն ուզում եմ թողնեմ հետոյի, քանի որ կան երանգներ եւ միտումներ, որոնք դեռ ցանկալի է ստուգել եւ հասկանալ: Էս պահին ուզում եմ հետեւյալ մի քանի պնդումներ անել, ինչ որ տեղ ստիպված եմ անել՝ հետեւելով էս երկու օրվա «հոսքին» ու նկատելով, թե ո՛ր ուղղությամբ է այն գնում, ու իմ գնահատականով նաեւ ուղղորդվում: 
1. Ղարաբաղում պահել են եւ պահում են ոչ թե ղարաբաղցիներին կամ Ղարաբաղը, այլ բոլոր հայաստանցիներին ու ամբողջ Հայաստանը: Նմանապես Ղարաբաղում պատերազմել են ոչ թե լոկ Ղարաբաղի եւ ղարաբաղցիների, այլ ամբողջ Հայաստանի եւ բոլոր հայաստանցիների համար: Ղարաբաղի վրա հարձակումները ոչ թե Ղարաբաղի ու ղարաբաղցիների, այլ ամբողջ Հայաստանի եւ բոլոր հայաստանցիների անվտանգության խնդիրն է: Ընդ որում երբ ասում եմ՝ Հայաստան եւ հայաստանցի, նկատի ունեմ բնականաբար նաեւ՝ ղարաբացի, ինչպես որ նկատի ունեմ լեննականցի, իջեւանցի, գորիսեցի եւ այլն: 
2. Ղարաբաղում ոչ մի քաղաքական հարց չի լուծվում եւ չի լուծվելու: Հայաստանի քաղաքական հարցերը լուծվում են Երեւանում, որովհետեւ Հայաստանի քաղաքականությունը կենտրոնացած է եղել եւ է՛ Երեւանում: Ով քաղաքական խնդիր ունի լուծելու, թո՛ղ այն լուծի Հայաստանում: Սա էլ աքսիոմատիկ է, որովհետեւ քաղաքական խնդիրն այնտեղ է, ուր առկա է իշխանություն, որը կայացնում է վերջնական որոշումներ: 
3. Ակնկալել, որ Ղարաբաղի հասարակությունը պետք է հիմա ամեն բան թողած ինչ որ շարժումներ անի՝ վերացական մտածողության դրսեւորում է: Որեւէ երկրում, որեւէ ժամանակահատվածում մարդիկ կարող են ազատ հայտնել իրենց կարծիքը միայն, եթե տնտեսապես ազատ են իշխանությունից, եւ քաղաքական եւ իրավական տեսակետից նույնպես որոշակի իքնավարություն ունեն: Բոլորս, ովքեր Երեւանում ազատ արտահայտում ենք մեր տեսակետները տնտեսապես ազատ ենք, եւ հնարավորություն ունե՛նք ազատ արտահայտվելու: Իսկ Ղարաբաղի պես փոքր եւ փակ հասարակության մեջ միայն հատուկենտ անհանտերը նման հնարավորություն ունեն՝ սա պետք է հասկանալ, եւ ավելորդ ակնկալիքներ չունենալ: Իսկ եթե համաձայն չեք, դե պահանջեք գորիսցիներից, որ Լիսկայի դեմ միտինգ անեն: Պարզ է չէ՞, թե ինչու չեն կարող: 
4. Հայաստանցի-ղարաբաղցի խնդիր մեր հասարակության մեջ կա, կեղծ կլիներ դա անտեսել: Բայց նաեւ հիմարություն կլիներ կարծել, թե միայն Հայաստանում կան նման խնդիրներ: Ցանկացած երկրում եղել են կամ կան ռեգիոնալ հակադրություններ, որոնք որոշ պայմաններում շատ ուժեղ են արտահայտվում: Ֆրանսիայի հարավն ավանդապես ատում է հյուսիսին եւ իրեն առանձին ազգ համարում: Գերմանիայում բոլորը զզվել են պրուսակներից, մանավանդ բավարացիները եւ շվաբները, հիմա էլ, ենթադրում ոմ, որ մեծ սեր չեն տածում միմյանց նկատմամբ: Վրաստանում մեգրելներին չեն սիրում, Ադրբեջանում «երազներից» են խորշում, եւ այլն, եւ այլն: ԲԱՅՑ՝ նորմալ պետությունն ու նորմալ հասարակությունը փորձում է այդ խնդիրները ոչ թե սրել, եւ ոչ էլ լռության մատնել, այլ լուծել: Շեշտեմ, ոչ միայն նորմալ պետությունն ու նորմալ իշխանությունն, այլեւ՝ առողջ հասարակությունը: Վստահ եմ, հայաստանցի-ղարաբաղվի խնդիրը կարելի է լուծել մեկ-երկու սերդնի ընթացքում: Իհարկե ո՛չ ամբողջովին, բայց այն աստիճան, որ դա ավելի լուրջ չլինի քան, ասենք, գորիսեցի-ղափանացի խդնիրը (իսկ դա անլուրջ խնդիր չի): 
5. Վերջերս Լուսնի եւ այլ երկնային մարմինների մասին օրենք էին ընդունել, որի վրա շատերս մի լավ ծիծաղեցինք: Հիմա, շատ կներեք, բայց երբ լսում եմ կոչեր, թե բա գնանք Ղարաբաղի ներկայացուցչության դեմ պիկետ անենք, կամ գնանք նորից Ղարաբաղ ավտերթով, մտածում եմ, կարո՞ղ է իզուր էին ծիծաղում, եւ ինչ որ լուսնային սուբտիլ ազդեցություն կա մեր երկրում: Լրջացե՛ք, ժողովուրդ: Նորից եմ ասում՝ քաղաքական խնդիրները լուծվում են Երեւանում, իսկ Ղարաբաղի ճակատը՝ բոլորիս ճակատն է: 
Մնացածի մասին, կգրեմ, ավելի ուշ, երբ կունենամ մի քանի հարցերի պատասխաններ:

 

Հրանտ Տեր-Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more