Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ «Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ), որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է, այն ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարի 28-ից:
ՀՀ կառավարությունը 2008 թվականին, հասարակական կազմակերպությունների առաջարկությամբ և ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, որոշում ընդունեց հոկտեմբերի 12-ը նշել որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ծխախոտի հոգեբանական կախվածությունից` նշեց, որ ծխելու հիմքում ֆիզիկական և հոգեբանական կապվածությունն է, որն ավելի մեծ է, քան ալկոհոլի դեպքում։
Հոգեբանի կարծիքով մարդիկ շատ հեշտությամբ կարող են ձերբազատվել այդ սովորությունից, եթե իսկապես ցանկանան. «Երբ մարդն հասկանում է, որ իր ծխելը խստիվ արգելված է, նա առանց որևէ պահանջի ձերբազատվում է այդ կախվածությունից: Ծխելը քաղցկեղի, ինֆարկտի և բազմաթիվ բացասական հիվանդությունների պատճառ է: Ցավն այն է, որ ծխողների մեծ մասը դա չի գիտակցում և մատների արանքով է նայում այս խնդրին»,-ասաց հոգեբանը: