▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդկանց ահաբեկում են, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում ներկայացնում»

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ:
Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում:
Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը ավտոբուսի վարորդին գործադուլի սահմանադրական իրավունքի համար ոչ միայն սպառնում է, այլ դրա համար պաշտոնապես դիմում է քրեական հետապնդման մարմնին»:

***

«Քանի որ ես կարծում եմ, որ նման գործընթաց կազմակերպելը և դրանում ակտիվ ներգրավվելը նախապես համաձայնության տարրեր կարող է պարունակել, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին»,- ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր առավոտից Երևանի ավտոբուսի վարորդների գործադուլին: Փոխքաղաքապետը նշեց, որ պետք է նախաքննություն իրականացվի և պարզվի՝ «արդյոք գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունների խախտման հետ, որը առաջացնում է օբեկտիվորեն որոշակի ծանր հետևանքներ, թե՞ առանձին անձանց մասով գործ ունենք մի երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը: Ես չեմ բացառում, որ այդ արարքների մեջ կան քրեաիրավական գնահատանքի արժանի տարրեր»:

***

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որ աստիճան որ այլանդակվում է Երևանի քաղաքապետի տեղակալի կողմից։
Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի հիմքով պայմանագրի լուծումը, թե իբրև աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս՝ անօրինական է (սրա վերաբերյալ ԱՕ-ը և վճռաբեկ դատարանի որոշումները ունեն հստակ կարգավորումներ)։
Հուշում՝ դեղին փողկապով «իրավաբանին».
Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ մասի 6 հոդվածով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել շահերի բախման դեպքում առանց վերապահության ճանաչել գործադուլի իրավունքը»:

***

«ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Երևանի քաղաքապետարանին ապօրինի տիրացած ղեկավարությունը բռնաճնշումներով և սպառնալիքներով է արձագանքել ավտոբուսների վարորդների գործադուլին, թեև գործադուլի իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ, իսկ խնդիրները, որոնք բարձրացնում են վարորդները, առնվազն խելամիտ քննարկման և փոխզիջումային լուծման կարիք ունեն:
Իմ զորակցությունն եմ հայտնում այս ապօրինությունների հետևանքով տուժած բոլոր քաղաքացիներին, պատրաստ եմ աջակցել նրանց՝ վերականգնելու իրենց օրինական իրավունքները: Նաև, դատապարտում եմ ապօրինաբար Երևանում քաղաքային իշխանության տիրացած խմբի գործելակերպը, համարում եմ, որ նրանց հրաժարականը և Երևանի ավագանու նոր ընտրությունները միակ հնարավոր միջոցն են մեր քաղաքը դուրս բերելու այս ձգձվող կառավարման ճգնաժամից»:

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գործադուլի իրավունքը աշխատողների ամենահիմնարար կոլեկտիվ իրավունքն է։ Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող։ Իսկ երբ մարդկանց ուզածը սոսկ տարրական կենցաղային պայմաններն են, օրինակ, շատ կներեք, զուգարան ունենալը, ապա այդ պարագայում մարդկանց գործից հանելը նաև մեծ անբարոյականություն է։
Համերաշխությունս ավտոբուսների վարորդներին»։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շահերի բախման դեպքում ճանաչվում է գործադուլի իրավունքը: Այսպիսին է միջազգային կարգավորումների տրամաբանությունն ու հրամայականը:
Գործադուլի սահմանադրական իրավունքի իրացումը չի կարող քրեական հետապնդման հիմք դառնալ: Դա աբսուրդ է:
Գործադուլ անող վարորդներին աշխատանքից ապօրինի ազատելը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել և չի կարող անհետևանք մնալ: Վստահ եմ դատական կարգով իրավունքների վերականգնում է լինելու, իսկ քաղաքապետարանը հերթական անգամ փոխհատուցման պարտավորություն է կրելու:
Վայելում ենք «ժողովրդավարության բաստիոնի» ողջ պերճանքն ու թշվառությունը»:

***

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more