▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտին Յորգանցը` իր մասին հնչած ասեկոսեների ու հայկական շոու-բիզնեսի վերաբերյալ

 

ASEKOSE.am–ի   հարցերին պատասխանում է «Հայի աչքեր» ,  «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ»  և այլ  երգերի  հեղինակ, կոմպոզիտոր, հայտնի ֆրանսահայ երգիչ Մարտին Յորգանցը:

 

-Ինչպիսի՞ն է եղել Մարտին Յորգանցի մանկությունը: Որտե՞ղ եք սովորել:


- Հայկական դպրոց  եմ ավարտել. սովորել  եմ Կ. Պոլսի «Մխիթարյան» վարժարանում:

 

-Ե՞րբվանից եք սկսել ստեղծագործել:


- Սկսել եմ երգել  15 տարեկանից: Սկզբում օտար լեզուներով էի երգում, մասնավորապես` իտալերենով, հետո սկսեցի հայերեն երգել:

 

- Ասում են` կյանքն արիություն է պահանջում: Համամի՞տ եք այս մտքի հետ, ու ո՞րն է արիության Ձեր բնորոշումը:


-Այո, համամիտ եմ. բայց յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում այդ պայքարը:

 

- Ձեր  սերունդն  անգիր  գիտի  Ձեր երգերը: Նման բարի ու մանկական երգեր այսօր գրեթե չկան: Ի՞նչ կասեք այսօրվա հայկական շոու-բիզնեսի և մանկական երգերի մասին առհասարակ:


-Այո, ցավոք այսօր փոքրիկներին սովորեցնում են դժվար բառերով ու տգեղ մեղեդիներով երգեր:

 1987 թվականին, երբ առաջին անգամ ունկնդրեցի   «Արևիկ» խմբի երեխաների տաղանդավոր կատարումը, ոգևորվեցի և   որոշեցի թեթև  ու հաճելի երգեր գրել նրանց համար:  Իսկ   այսօր ամբողջ աշխարհում հնչում են իմ երգերը, ինչի համար անչափ երջանիկ եմ:

 Անդրադառնալով հայկական շոու-բիզնեսին` կարող եմ ասել, որ այն անկախության տարիներից ի վեր բավականին փոփոխություններ է կրել:   Ընդհանուր առմամբ, հայկական շոու-բիզնեսը,կարծում եմ, հաջողված է, քանի որ Հայաստանում յուրաքանչյուր ոլորտում տաղանադավոր մարդիկ շատ են:


-Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել կամ զվարճացրել են Ձեզ:


-Բոլոր բամբասանքներն էլ զվարճալի են ու գովազդի նման են:

 

-Սիրո՞ւմ եք երևակայել թե՞ նախընտրում եք իրերը ռեալ տեսնել:

-Նախընտրում եմ երևակայել:


- Սիրո՞ւմ եք պլանավորել Ձեր կյանքը, թե՞...


-Ոչ, չեմ պլանավորում. թողնում եմ կյանքի «թևերի» մեջ: Նախընտրում եմ ապրել ուրախ, բարի  ու անկեղծ մարդկանց կողքին,   երգել այնքան, որքան Աստված կկամենա: Նախընտրում եմ ապրել այնպես, որ  դիմացինիդ  համար հաճելի  լինի:


-
Ասում են` ապրելու երկու ձև կա: Դուք կարող եք ապրել այնպես, ասես հրաշքներ չեն լինում, և կարող եք ապրել այնպես, ասես այս աշխարհում ամեն ինչ հրաշք է: Իսկ ինչպե՞ս եք նախընտրում ապրել Դուք:


-Հրաշքներ լինում են, եթե իսկապես ցանկանանք: Ես ապրում եմ ամենապարզ ձևով. լինել այնպիսին, ինչպիսին իրականում կամ:


-
Ինչո՞վ է Մարտին Յորգանցը առանձնանում մյուսներից:


-Մարտին Յորգանցն ունի իր ոճը, որը ձևավորել է միայնակ: Նա  պարզ է ու սրտանց:


- Ասում են` առաջին ծափերը երբեք չեն մոռացվում: Հիշու՞մ եք Ձեր առաջին ելույթը:


-Առաջին ելույթս եղել է մեր դպրոցի դահլիճում, երբ դեռ աշակերտ էի: Դա 1960 թվականին էր,  Կ. Պոլսում: Հետո շատ շուտով դարձա պրոֆեսիոնալ երգիչ: Եղել  եմ աշխարհի  այն քաղաքներում, որտեղ հայեր են ապրում: Հայաստան  այցելում եմ ոչ թե գործի բերումով, այլ` հաճույքի համար` երգելով առանց նյութական պահանջների:

 

-Կցանկանայի՞ք ինչ-որ բան փոխել Ձեր կյանքում: Եթե` այո, ապա` ի՞նչ:


-Նույնսիկ եթե ցանկանայի  փոխել իմ կյանքը, միևնույն է, կյանքը իր գործը կանի:


- Ասում են` առանց երգի կյանքը սխալմունք կլիներ... Առանց երգի ի՞նչ կպակասեր Ձեր կյանքում:


-Երգը մարդու կյանքում նույնն է, ինչ օդը: Իսկ ինձ համար անհրաժեշտ սնունդ է,  ընտանք, լավ ընկերներ ու, ի վերջո,  առողջություն:

 

Հեղինակ` Անի Բեքիրյան

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more