▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մազութի Համոն, ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ու ճարտարապետության պետական կոմիտեն

«Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն ավելորդ օղակ է, նոր ծախսատար բյուրոկրատական ապարատ, որ սնվելու է մեր` թոշակառուներին չբավարարող պետբյուջեից: Իսկ Նարեկ Սարգսյանը, բազմիցս նշել եմ, Չարենցի` «Երկիր Նաիրի»-ի Մազութի Համոն է»,-Asekose.am-ի  զրույցում նշել է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը` անդրադառնալով  ճարտարապետության պետական կոմիտե ստեղծելու որոշմանը և Նարեկ Սարգսյանի`կոմիտեի նախագահ դառնալու հավանականությանը:

Համլետ Խաչատրյանը  նշում է, որ    իշխանություններն աշխատում են փակ շրջանով և գրեթե վստահ է , որ  կոմիտեի նախագահը կլինի Նարեկ Սարգսյանը, քանի որ ինչպես «Երկիր Նաիրի» վեպում ասվում էր, որ «ո՛չ մի ազգային, կամ հասարակական խնդիր չի կարող արծարծվել կամ ընթացք ստանալ առանց Մազութի Համոյի», այդպես էլ իշխանությունները ճարտարապետության ոլորտի ոչ մի հարց առանց նրա չեն ընկալում:

Իսկ քանի որ կառավարությունն  իր փակ շրջանից դուրս չի գալիս, այս կառուցն էլ որևէ էական, օգտակար փոփոխություն չի բերի:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե ստեղծելու վերաբերյալ: Իսկ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ  Asekose.am-ի զրույցում հավանական համարեց շրջանառվող լուրը, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կգլխավորի նաև կոմիտեն:

Կոմիտեի ստեղծման անհրաժեշտությանն անդրդառնալով Մկրտիչ Մինասյանը նշել է, որ այն կարևորվել  է կառավարության կողմից և հույս ունի, որ կոմիտեն կնպաստի ճարտարապետական նոր  տեսանկյունների վեր հանմանը, նոր վերաբերմունք կձևավորի ոլորտի նկատմամբ:

Իսկ  Համլետ Խաչատրյանի համոզմամբ  կոմիտեն  կդառնա հերթական բյուրոկրատական ապարատ` լրացուցիչ քաշքշուկների վայր , թե նախագծողի, թե ներդրողի, թե քաղաքացու համար:

Իսկ թե ով կլինի Երևանի քաղաքի հաջորդ գլխավոր ճարտարապետը, Համլետ Խաչատրյանի պնդմամբ շրջադարձային բնույթ չի կարող ունենալ, քանի որ իրականում ճարտարապետի իրավասության շրջանակները նեղ են,  բոլոր նախագծերն ու ճարտարապետական առաջադրանքները  համաձայենցվում են քաղաքապետի որոշման հետ:Ըստ մասնագետի,այս գործընթացում ճարտարապետն ընդամենը  դառնում է  «փոստատար»:

Նանե Բագրատունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more