▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք կարող ենք մոտ օրերս ստորագրել պայմանագիրը, եթե Ադրբեջանի նախագահը ցանկանա». Ալեն Սիմոնյան

«Պրոցեսը շարունակվում է, մենք կարող ենք հենց մոտ օրերս ստորագրել պայմանագիրը, եթե Ադրբեջանի նախագահն այդ ցանկությունն ունենա»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին:

«Մենք շարունակում ենք խոսակցությունը, շարունակում ենք տարբեր մակարդակներով, և բոլոր այն հարցադրումները, որոնք վիճելի են, մենք այդ խոսակցության մեջ մտնելու ենք, որևիցե փակ, քննարկելու ոչ ենթակա թեմա չկա»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է խաղաղության պայմանագրի բոլոր կետերի համաձայնեցումը, Սիմոնյանն արձագանքեց՝ այո, իհարկե, միանշանակ:

***

«Քաղաքացիական պայմանագիրն» Արդարադատության նախարարի նոր թեկնածուների անուններ է քննարկել։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սկզբունքային է, որ թեկնածուն լինի ՔՊ անդամ, Սիմոնյանը պատասխանեց՝ այդ հարցն էլ պետք է վերանայել։

«Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տանք թեկնածու ներկայացնել, որոնք այս պահին կամ ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեն։ Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է, նման բազմաթիվ լավ փորձեր ունենք»,- նշեց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ՔՊ-ում կադրերի սով կա, դրա համար են նաև կուսակցությունից դուրս թեկնածու փնտրում, Սիմոնյանն ասաց՝ մարդկանց ռեսուրսների սով կա բոլոր բնագավառներում, նույնիսկ փոքրիկ ձեռնարկություններում, իսկ հիմա խոսքն այնպիսի պատասխանատու ոլորտի մասին է, ինչպիսին է արդարադատությունը։

«Եթե խաղաղության պայմանագրի դիտանկյունից ենք նայում, ակնհայտ է, որ պետք է մի մասնագետ լինի, որ նաև այդ պայմանագրի հետ առնչություն ունենա»,- ընդգծեց նա։

Սիմոնյանը նաև հավելեց, որ իր կարծիքով պարտադիր պայման է, որ արդարադատության նախարարն իրավաբանի կրթություն ունենա։

***

«Ես չեմ պատրաստվում կոորդինատներ տալ, բայց ակնհայտ է, և դա երևաց նաև Տավուշի սահմանը վերարտադրելու համար, որ ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղ իրենք, որովհետև սահմանը եթե սահմանագծված չէ և սահմանազատված չէ, այդ խնդիրը կա: Վերևից մինչև ներքև մենք սահմանը պետք է վերհանենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բոլոր այն տեղերում, որտեղ իրենք են առաջ, իրենք պետք է հետ գնան, որտեղ մենք ենք առաջ, մենք պետք է հետ գնանք, մերը մերն է, իրենցն իրենցը: Իրենք 200 ք/կմ մեր տարածքի մեջ են… Հենց Տավուշում կա երկու եռանկյունիների իրավիճակ՝ մի տեղ մենք ենք իրենց եռանկյունին վերահսկում, մի տեղ իրենք են մեր եռանկյունին վերահսկում»,- նշեց ԱԺ նախագահը։

Անդրադառնալով հարցին՝ մանրո՞ւք է համարում ադրբեջանական ուժի հետ գնալը Հայաստանի տարածքից, Սիմոնյանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ հիմնական նպատակը խաղաղություն հաստատելն է և մեր 29,743 ք/կմ-ն արձանագրելը և վերհանելը, դա է հիմնական խնդիրը: Ես մանրուք չեմ համարում, ասում եմ՝ գլոբալ պատկերի մեջ գլոբալ հարցերին պետք է անդրադառնանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more