▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հաղթանակը անխուսափելի է

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ  Քաղաքացիներ.

Ինչպես եւ հայտարարել էի, հանրությանն եմ ներկայացնում խոստացված մի նախագիծ, որ կոչվում է Քաղաքացիական պայմանագիր: Սա մի փաստաթուղթ է, որտեղ ներկայացրել եմ հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի, դրա խնդիրների, նպատակների եւ միջոցների մասին պատկերացումներ, կամ` ավելի ճիշտ, ուրվագծել պատկերացումների շրջանակ, բազմաթիվ դետալների ձեւակերպումը թողնելով ընթացիկ, աշխատանքային ապագային: Այսօրվա խնդիրն, ինչ խոսք, փաստաթղթի նախագիծը հանրությանը ներկայացնելն է եւ միայն դա: Այսուհանդերձ, մեկ-երկու նրբերանգի ցանկանում եմ անդրադառնալ:

Նախ՝ եւս մեկ անգամ ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ սա նախագիծ է, ինչից բխում է, որ փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների: Եթե հետաքրքրված քաղաքացիները այն ընթերցելուց հետո կունենան որոշակի առաջարկություններ, հաճույքով կքննարկեմ դրանք, որպես հեղինակ ընդունելու, կամ չընդունելու իրավունքից օգտվելով:

Ընդունելու լինեմ որեւէ առաջարկություն, թե ոչ` հույս ունեմ, դրանց վերաբերյալ քննարկումն իրականացնել հրապարակային` հասկանալիորեն շարադրելով վերաբերմունքս ամեն առաջարկի վերաբերյալ: Գուցե թե  առաջարկություններ չլինեն, լինեն ինչ-որ հարցեր. հաճույքով կպատասխանեմ այդ հարցերին նույնպես, եւ դա կանեմ հրապարակային: Ոմանք գուցե ոչ հարց ունենան, ոչ առաջարկ, բայց փաստաթղթի վերաբերյալ ունենան ինչ-որ դիտարկումներ. հաճույքով կքննարկեմ նաեւ այդ դիտարկումները՝ քննադատական լինեն, թե ոչ: Կարճ ասած` հույս ունեմ, որ փաստաթղթի, հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող հետագա պայքարի, անելիքների, նպատակների մասին կենդանի քննարկում կծավալվի, որովհետեւ ի վերջո, սա մի ասելիք է, որ վերաբերվում է բոլորիս: Մենք պիտի խոսենք մեր անցած ու անցնելիք ճանապարհի մասին, պիտի բուռն բանավեճեր ունենանք, պիտի լուծումներ գտնենք, որովհետեւ դա մեր, բացառապես մեր անելիքն է.  նկատի ունեմ ՀՀ քաղաքացիներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր հույս ունեմ, հավատում եմ՝ տեսանելի ապագայում պիտի շահագրգիռ ներգրավվածություն ունենան Հայաստանի Ազատ եւ Քաղաքացիական ապագայի, ավելի ճիշտ, ներկայի  կերտման գործում: Ասելիքի այս հատվածն ամփոփելով, առաջարկում եմ պայմանավորվել կապի մասին: Խնդրում եմ, այս թեմային վերաբերող ասելիքը՝ առաջարկներ, հարցեր, դիտարկումներ, ուղարկել qaxpaymanagir@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով: Առաջիկա շրջանում ամենօրյա ռեժիմով հետեւելու եմ հասցեին, հանրության հետ ակտիվ կապը պահպանելու համար: Հաճույքով կծանոթանամ առաջարկներին, հարցերին, նամակներին եւ դրանց անդրադարձ կկատարեմ «ՀԺ»-ի էջերում, իմ անհատական կայքում:

Ի սկզբանե մտածում էի, որ այստեղ մեկնաբանեմ բուն փաստաթղթի բովանդակության հետ կապված մի շարք հարցեր: Բայց երեւի, հիմա դա անելու կարիք չկա: Երեւի բովանդակության մասին կխոսեմ  առաջին հարցերն ու արձագանքները ստանալուց հետո: Սա ավելի առարկայական խոսակցություն կլինի, եւ հնարավորություն կունենամ խոսել ոչ թե այն նրբությունների մասին, որ ինձ են հետաքրքրում, այլ այն ամենից, ինչ հետաքրքրում է Ձեզ: Չնայած համոզված եմ՝ մեր հետաքրքրությունները հիմնականում համընկնելու են:

Ի դեպ, հատուկ ընդգծեմ, որ այս քննարկումն ինքնանպատակ չէ: Քաղաքացիական պայմանագիրը քննարկումների արդյունքում պետք է ստանա վերջնական տեսք, եւ դրանից հետո պատիվ կունենամ դրանով հետաքրքրված քաղաքացիներին առաջարկել, խնդրել, որ  միանան Պայմանագրին: Հաջորդ փուլում՝ այսինքն, որի ժամկետները նույնպես կքննարկենք, քաղաքացիները հնարավորություն կստանան սահմանված կարգով միանալ Պայմանագրին, եւ  նրա գործունեությունը այդպիսով կլինի մեկնարկած: Մեր պայքարը անկասելի է, մեր Հաղթանակը անխուսափելի է: Աստված մեզ օգնական:

 

Նիկոլ Փաշինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more