Մեր կարմիր գծերն են՝ Հայաստանի անկախությունն ու Արցախի Ադրբեջանի կազմում չլինելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ով ում որտեղ հասցնում քննադատում, մեղադրում ու պիտակավորում է։ Էմոցիոնալ գնահատականների պակաս չկա։
Աշխարհը վաղուց մտել է նոր աշխարհամարտի փուլ, իսկ մենք զբաղված ենք մանկամիտ հայհոյանքներով։ Լաչինի խնդիրը, Արցախի խնդիրը, Հայաստանի խնդիրը վաղուց արդեն ներքաղաքական խնդիրներ չեն։ Այլեւս անհնար ու անթույլատրելի է «խաղեր» տալ եւ՜ Արեւմուտքի, եւ՜ Թուրքիայի, եւ՜ ՌԴ-ի հետ։ Նման խաղերը հանգեցնելու են Հայաստանի ու Արցախի կործանմանը։
Մեզ անհրաժեշտ է հստակ հաշվարկ եւ ռազմավարություն։ Կամ ՆԱՏՕ՞, կամ՝ Ռուսաստա՞ն։ Լավ օրից չէ այդ ընտրությունը, բայց սա է փաստը։
Հայ-ռուսական դաշնակցությունն այսօր առավել քան երբեւէ բխում է ՀՀ-ի ու Արցախի շահերից, բայց ոչ այս հակազգային ռեժիմի օրոք։ Այդ դաշինքը նորոգման, վստահության, փոխադարձ պետական շահերի ու կարմիր գծերի հստակեցման կարիք ունի։
Մեր կարմիր գծերը պետք է լինեն՝ Հայաստանի անկախությունն ու Արցախի չլինելն Ադրբեջանի կազմում։
Երբ ասում եմ ՆԱՏՕ, նկատի ունեմ նաեւ Թուրքիային։
Եվ վերջում.բոլոր նրանք ում կարծիքով ՌԴ-ն է ստիպում միջանցք տրամադրել Սյունիքով, մի պարզ բան ասեմ. եթե միջանցքը ՌԴ-ին պետք լիներ, ապա 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը կգրվեր։ Ո՞վ էր խանգարելու ՌԴ-ին դա գրել։
Միայն չասեք Փաշինյանը։ Ու՞ր էր ու ի՞նչ վիճակում էր Փաշինյանն այդ ժամանակ։ Բունկերում…փրկության «սպասիբոներ» էր շռայլում հենց նույն ՌԴ-ին։ Հետեւաբար. միջանցքը չի բխում ՀՀ-ի, Արցախի, ՌԴ-ի ու Իրանի շահերից։ Այն անհրաժեշտ է Թուրքիային ու Ադրբեջանին։ Արեւմուտքին էլ անհրաժեշտ է ընդդեմ Իրանի, ինչպես նաեւ ռուսական ռազմական ներկայության չեզոքացման համար»։