▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանը կոտրվեց միանգամից. Այսօր Սևակի մահվան 42-րդ տարելիցն է

 

Այսօր լրանում է  հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի ողբերգական մահվան 42-րդ տարելիցը:

Ներկայացնում ենք մեծերի խոսքերը` բանաստեղծի մասին

…Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…

 …Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»…
…Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, 

իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում..  

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ

Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել…
Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից…
Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

 

…Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ… Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը…Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին…

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Աղբյուրը` paruyrservak.wordpress.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more