▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է. Պետրակովը` Ազգերի լիգայի վիճակահանության մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է վիճակահանության արդյունքները:

«Հետաքրքիր խումբ է: Ֆարերյան Կղզիների հետ հանդիպելու փորձ չունենք։ Գիտեմ, որ այնտեղ արհեստական խոտածածկով մարզադաշտ է, որի վրա դժվար է խաղալ։
Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղացել ենք, շատ լավ հավաքական է։ Բավական լավ ու որակյալ խաղեր է խաղացել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։
Լատվիան անհարմար հավաքական է, որն ունի նոր իտալացի գլխավոր մարզիչ։ Ինձ համար լավ առիթ է Լատվիայից կրած ցավալի պարտությանը տալու արժանի պատասխան։ Կարող եմ ասել, որ հիմա թույլ ընտրանիներ չկան ու հաստատ լավ պայքարի ենք ականատես լինելու Ազգերի Լիգայի գալիք խաղարկությունում։ Ըստ իս՝ մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է»,-Պետրակովի խոսքերը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականները։

Թարմացված․ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին խոսել է Ազգերի լիգայի վիճակահանության մասին։ C լիգայի C4 խմբում ընդգրկվել են Հայաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆարերյան կղզիների և Լատվիայի հավաքականները։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

«Եթե նախորդ խաղարկություններում մենք խմբերում էինք, որոնցից շատ էինք ուզում խուսափել, ապա այս անգամ այդպես չէ։ Այսօր ֆուտբոլում ֆավորիտներ չկան։ Ես միայն կցանկանայի, որ մենք առողջ լինենք: Մենք հանդիպումներ ենք ունեցել խմբում բոլոր ընտրանիների հետ, պարզ է, որ այս մրցակիցների հետ և՛ դրական, և՛ վատ փորձեր ունենք։

Մենք պետք է լիովին կենտրոնացած լինենք։ Եկեք իրական մոտեցում ցուցաբերենք յուրաքանչյուր մրցակցի նկատմամբ։ Մենք Հայաստանին հաղթեցինք վերջին արտագնա խաղում 5։0 հաշվով, բայց չմոռանանք, որ այնտեղ էլ պարտվեցինք 0։4 հաշվով։ Ֆարերյան կղզիներն ու Լատվիան գալիս են սեփական հաշվարկներով ու ակնկալիքներով,- մարզչի խոսքն է մեջբերել Sport1.mk-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more