Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա, սակայն Հայաստանի կառավարությունն ունի կամք, վճռականություն՝ այդ ճանապարհն անցնելու, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում, որովհետև, ըստ էության, ամբողջ աշխարհն է հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում: Այդ 2021-ի հունվարին էր մեզ թվում, թե մենք ենք հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում, այն էլ պարզվեց, որ համաշխարհային փոթորիկ է սկսվում մեզանով: Ոչ մեծ, ոչ փոքր պետությունների գոյությունը, ցավոք, երաշխավորված չէ և միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության ու անվտանգության համար, համապարփակ խաղաղությունն է», - ասաց նա:
Ըստ վարչապետի՝ համապարփակ անվտանգությունն այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված, կարգավորված են, սահմանները սահմանազատված ու սահմանագծված են, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված:
«Մենք հիմա փորձում ենք գնալ հենց այս ճանապարհով: Կկարողանա՞նք, կստացվի՞, ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ՝ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու, աշխարհում գոյութուն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է: Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա. սա թե՛ ներսում, թե՛ դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար, և մենք ունենք կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու՝ չնայած այն բանին, որ հաջողության երաշխիք ոչ ոք չի կարող տալ», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը երաշխավորեց՝ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի կործանման:
«Եվ մենք, իհարկե, սա թույլ տալ չենք կարող: Եվ ուրեմն՝ հայ ժողովրդին, Հայաստանի ժողովրդին կոչ եմ անում համախմբվել խաղաղության օրակարգի շուրջ, Հայոց պետականության և նրա շահերի շուրջ, որովհետև չկա ավելի կարևոր ու բարձր բան, քան Հայաստանը և նրա պետական շահերը: Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում։ Փա՛ռք մեր նահատակներին», - ելույթն այսպես ավարտեց ՀՀ վարչապետը: