▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Սեդրակյանը՝ լրագրողներին. «Ոնց որ գողական ըլնեք»

Նախագահական ընտրությունների գիշերը՝ 18 լույս 19-ին, Երեւանի Էրեբունի վարչական շրջանում «Առավոտի» եւ Panorama.am-ի թղթակիցների եւ ՀՀԿ շտաբից դուրս եկած մի երիտասարդի միջեւ միջադեպ էր գրանցվել, որի ընթացքում վնասվել էր «Առավոտի» տեսախցիկը: Այդ մասին հիշեցնում է «Առավոտ» թերթը եւ հավելում.

«Լրագրողները Էրեբունի վարչական շրջան գնացել էին «Ժառանգության» շտաբից ստացած ահազանգերի հետքերով, այնուհետեւ որոշեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ ՀՀԿ Էրեբունու տարածքային շտաբից, ինչպես նաեւ ստանալ ընդհանուր ընտրական գործընթացներին վերաբերող հարցերի պատասխաններ:

Մեր այցելության պահին շտաբի մոտ «ջիպ»ազգի մեքենաների կուտակումներ էին: Մինչ մենք կփորձեինք բարձրանալ երրորդ հարկ, որտեղ գտնվում էր շտաբը, երկու երիտասարդներ հարցուփորձով ճշտումներ էին կատարում՝ թե ովքեր ենք: Տեղեկանալով, որ լրագրողներ ենք, վազելով մեզնից առաջ ընկան, բարձրացան եւ մտնելով շտաբ՝ արագ ներսից կողպեցին դուռը: Ակնհայտորեն ներսում ինչ-որ բան էր կատարվում, եւ պարզ չէր, թե ինչո՞ւ չեն թողնում մեզ ներս: Բնականաբար, հետաքրքրությունը մեծ էր, եւ մի տեւական ժամանակ մենք թակում էինք շտաբի դուռը՝ հույսով, որ ինչ-որ մեկն, այնուհանդերձ, կարձագանքի: Մի քանի րոպե անց շտաբից դուրս եկավ մի երիտասարդ եւ մեր հարցումներին, ի պատասխան, թե ի՞նչ էր կատարվում ներսում, ինչո՞ւ էիք կողպել դուռը, հորդուբորդով, անվայելուչ արտահայտություններ թույլ տալով՝ Aravot.am-ի թղթակցից փորձեց խլել տեսախցիկը: Երիտասարդը պնդում էր, որ շտաբում մարդ չկա, շտաբի պետը տեղում չէ: Սակայն վայրկյաններ անց ներսից դուրս եկավ Էրեբունի վարչական շրջանից ընտրված ՀՀԿ- ական պատգամավոր, այդ տարածքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը՝ մի խումբ ուղեկցորդների հետ: Սեդրակյանը հարցերին, թե ինչո՞ւ են փակել շտաբի դուռը, ի՞նչ են թաքցնում, նախ բավականին հանդարտ ասաց, որ թաքցնելու բան չունեն: Ապա, երբ փորձեցին, ճշտել, թե ինչո՞ւ է իր աշխատակիցն իրեն այդքան ամբարտավան պահում, Մհեր Սեդրակյանը, մեղմ ասած, սկսեց մեղադրանքներ հնչեցնել լրագրողների հասցեին: Մհեր Սեդրակյանի եւ լրագրողների երկխոսությունը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների:

- Ինչո՞ւ է երիտասարդը փորձում խոչընդոտել լրագրողների աշխատանքին:

- Բայց ի՞նչ ունեք հարցնելու:

- Գուցե ներս գայինք, ընդամենը պետք է թվեր հարցնեինք: Իսկ Դուք տեսա՞ք, թե ձեր աշխատակիցը իրեն ո՞նց պահեց: Ո՞նց պահեց իրեն էն տղան, որ հենց նոր իջավ:

- Պահակն ա եղել, երեւի, հա՞:

- Պահակն էդքան լիազորություննե՞ր ունի, հա՞, էստեղից լրագրող վտարելու:

- Չգիտեմ՝ ով ինչ լիազորություն ունի, ոչ դուք էդքան լիազորություն ունեք, ոչ էլ մենք:

- Մենք մեր լիազորությունները չենք գերազանցում: Մենք մեզ նաեւ կոռեկտության մեջ ենք պահում: Ընդամենն ընտրական գործընթաց է, մենք պիտի գայինք, խնդրեինք, որ դուք մեզ թվերն ասեիք:

- Առայժմ կոնկրետ թվեր չունենք...

- Կարելի՞ է ներս հրավիրեիք մեզ, գուցե...

- Դե, ես ասում եմ՝ եկեք ներս, դուք կանգնել եք աստիճանների վրա բազար եք անում:

- Մենք բազար չենք անում, պարոն Սեդրակյան:

- Բա ի՞նչ եք անում: Ես ասում եմ՝ եկեք ներս, դուք կանգնել եք ընդեղ ռազբիրատ եք անում: Ոնց որ գողական ըլնեք: Անցեք ներս:

Շտաբում էին նաեւ Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկին նախարար եւ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը, ՕԵԿ-ական նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, բազմաթիվ երիտասարդներ: Անդրանիկ Մանուկյանը «Առավոտի» թղթակցին անձամբ ճանաչելով՝ փորձեց հարթել միջադեպը, ինչից հետո Մհեր Սեդրակյանը խոստացավ գտնել եւ պատժել երիտասարդին, ով ամբարտավան պահվածք էր ցուցաբերել լրագրողների նկատմամբ: «Ձեր ներկայությամբ չենք պատժի, որովհետեւ ձեր համար շատ կլնի: Դուք ձեր չափի մեջ չեք: Դուք ձեզ էդքան լկտի չպահեք, ամեն ինչ կանենք»,- ասաց Սեդրակյանը՝ չլսելու տալով այն դիտարկումները, որ մենք իբրեւ լրագրողներ ենք մեզ դրսեւորել՝ առանց ավելորդ քայլերի»,- գրում է «Առավոտը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more